Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը
Հեղինակավոր France Football ամսագիրը, որն ամեն տարի ընտրում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին և անցկացնում «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը, հրապարակել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների ցանկը։
Ցանկը կազմելիս ընտրվել են միայն այն ֆուտբոլիստները, ովքեր իրենց կարիերայի ընթացքում նվաճել են առնվազն մեկ «Ոսկե գնդակ»։ Այդ իսկ պատճառով հավակնորդների թվում բացակայում են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան և Պելեն. նրանց ժամանակաշրջանում մրցանակը չէր տրվում Եվրոպան չներկայացնող խաղացողներին։
«Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» հավակնորդների տասնյակն ունի հետևյալ տեսքը․
- Ալֆրեդո Դի Ստեֆանո (հարձակվող, Իսպանիա, հաղթել է՝ 1957, 1959 թթ.)
- Լիոնել Մեսսի (հարձակվող, Արգենտինա, հաղթել է՝ 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021, 2023 թթ.)
- Կրիշտիանու Ռոնալդու (հարձակվող, Պորտուգալիա, հաղթել է՝ 2008, 2013, 2014, 2016, 2017 թթ.)
- Մարկո վան Բաստեն (հարձակվող, Նիդերլանդներ, հաղթել է՝ 1988, 1989, 1992 թթ.)
- Յոհան Կրոյֆ (հարձակվող, Նիդերլանդներ, հաղթել է՝ 1971, 1973, 1974 թթ.)
- Կառլ-Հայնց Ռումենիգե (հարձակվող, Գերմանիա, հաղթել է՝ 1980, 1981 թթ.)
- Միշել Պլատինի (կիսապաշտպան, Ֆրանսիա, հաղթել է՝ 1983, 1984, 1985 թթ.)
- Ռոնալդո Նազարիո (հարձակվող, Բրազիլիա, հաղթել է՝ 1997, 2002 թթ.)
- Քևին Քիգան (հարձակվող, Անգլիա, հաղթել է՝ 1978, 1979 թթ.)
- Ֆրանց Բեկենբաուեր (պաշտպան, Գերմանիա, հաղթել է՝ 1972, 1976 թթ.)
Հատկանշական է, որ այս անվանակարգում քվեարկելու համար անհրաժեշտ է վճարել 1 եվրո։ Ի տարբերություն տարվա լավագույն ֆուտբոլիստի ավանդական քվեարկության, որին երկրպագուները չեն մասնակցում, այս բացառիկ դեպքում հասարակ ֆուտբոլասերները նույնպես իրավունք ունեն ընտրելու իրենց ֆավորիտին։
Ներկա պահին քվեարկության արդյունքներով առաջատարը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է։














