Մեծ ինվեստիցիոն ծրագիր է պետք անել, որ գան մարդիկ, ձեզ հետ բանակցեն․ կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան․ Փաշինյանը՝ Աջափնյակում հանդիպել է բնակիչներին

15:41 • 24.10.26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աջափնյակ վարչական շրջանում քաղաքացիների հետ զրույցում ներկայացրել է ներդրումային ծրագրով, բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը հոկտեմբերի 24-ին Երևանում շրջայցի ընթացքում նշել է, որ հնարավոր մոտեցումներից մեկը ներդրողների և բնակիչների միջև անմիջական բանակցություններն են։

«Մեծ ինվեստիցիոն ծրագիր է պետք անել, որ գան մարդիկ, ընդ որում՝ պետությունը չխառնվի, գան ձեզ հետ բանակցեն։ Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան»,– ասել է Փաշինյանը։

Նրա ներկայացրած տարբերակով՝ շինարարության ընթացքում պետք է ապահովվի նաև բնակիչների ժամանակավոր կեցությունը։ Վարչապետը շեշտել է բնակիչների համաձայնության պայմանը՝ նշելով, որ այդ դեպքում տարածքում հնարավոր կլինի բոլորովին նոր տրամաբանությամբ թաղամաս կառուցել։