Ֆլիկը բացատրել է «Էլ Կլասիկո»-ում «Բարսելոնա»-ի պարտության պատճառը

10:51 • 26.10.26

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը (1-2)։

Հիշեցնենք, որ Բարսելոնայի «Սպոտիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում կայացած «Էլ Կլասիկոյում» հյուրերին հաղթանակ էր պարգևել Կիլիան Մբապեի դուբլը, իսկ «կապտանռնագույնների» կազմում միակ գոլը հեղինակել էր Ռաֆինյան։

«Սա բարդ հանդիպում էր մեզ համար։ «Ռեալն» իսկապես լավ խաղաց։ Մենք հնարավորություններ ունեինք, բայց մեզ չէր բավականացնում խաղակցվածությունը։ Երկրորդ խաղակեսում թիմը սկսեց խնդիրներ ստեղծել մրցակցի համար, սակայն հենց այդ պահին մենք կենտրոնացվածության լուրջ կորուստ ունեցանք, ինչն արժեցավ խաղի արդյունքը։ Մի փոքր էլ բախտներս չբերեց, մենք սխալներ թույլ տվեցինք, իսկ «Ռեալն» իրացրեց իր հնարավորությունները։ Սա հեշտ չէ, բայց պետք է համակերպվենք և շարունակենք կատարելագործվել։

Լավագույն շաբաթը չէր. նախ պարտություն կրեցինք Փարիզում, հիմա էլ պարտվեցինք Լա լիգայում։ Մենք դեռ գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը, բայց այժմ մեզ պակասում է թարմությունը։ Պետք է փորձենք կտրվել ու մոռանալ այս ամենը, անհրաժեշտ է վերադարձնել այն թարմությունը, որն ունեինք մրցաշրջանի նախորդ խաղերում»,- Ֆլիկի խոսքերն են մեջբերում AS պարբերականը։

Նշենք, որ Իսպանիայի առաջնության 10 տուրերից հետո «Բարսելոնան» վաստակել է 27 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Մադրիդի «Ատլետիկոն» 25 միավորով երկրորդն է, իսկ Մադրիդի «Ռեալը» 24 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

Աղբյուրը`ArmSport.am