Սահմանազատման աշխատանքներից հետո համագործակցությունը կարող է հնարավորություն տալ անդրադառնալու նախորդ տասնամյակներում արձանագրված բնապահպանական կորուստների վերականգնմանը․ Համբարձում Մաթևոսյան

21:40 • 26.10.26

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել, որ սահմանազատման աշխատանքներից հետո հնարավոր կլինի Ադրբեջանի, ինչպես նաև մյուս հարևան երկրների հետ իրականացնել անդրսահմանային բնապահպանական ծրագրեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մաթևոսյանն այս մասին ասել է COP17-ի շրջանակում հրավիրված ասուլիսում՝ պատասխանելով Շիկահողում և Ջերմուկի տարածքում բնապահպանական խնդիրների վերաբերյալ հարցին։

«Ես մեծ հույս ունեմ, որ ոչ միայն Ադրբեջանի Հանրապետության, այլ նաև մեր հարևան բոլոր երկրների հետ մենք հնարավորություն կունենանք անդրսահմանային բնապահպանական ծրագրեր իրականացնել միասին։ Ինչպես նշվեց, տարբեր ֆոնդերում նման հնարավորություններ ընձեռվում են երկրներին, որպեսզի երկրները մեկ ամբողջական փաթեթով ներկայանան»,– նշել է Մաթևոսյանը։

Նախարարը հավելել է, որ սահմանազատման աշխատանքներից հետո նման համագործակցությունը կարող է հնարավորություն տալ անդրադառնալու նաև նախորդ տասնամյակներում արձանագրված բնապահպանական կորուստների վերականգնմանը։

Մաթևոսյանը բնապահպանական վնասները դատապարտելի է համարել՝ ընդգծելով, որ բնությունը սահմաններ չի ճանաչում, իսկ բնապահպանական խնդիրները չեն սահմանափակվում առանձին երկրների տարածքներով։

Միաժամանակ նա նշել է, որ որպես Հայաստանի քաղաքացի և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ՝ առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գերակա շահերով։ Հարևանների հետ հարաբերությունների համատեքստում նախարարը կարևորել է խաղաղության օրակարգի ամրապնդումն ու սահմանազատման գործընթացի առաջմղումը։