Նիդերլանդներն աջակցություն կտրամադրի Հայաստանի ծաղկագործներին՝ դիվերսիֆիկացնելու ծաղկի շուկան. Նիդերլանդների արտգործնախարար

12:32 • 27.10.26

Ներմուծումների սահմանափակումները, որոնք առաջ է բերել Ռուսաստանը, դժվարություններ են ստեղծում բիզնեսների համար նաև ծաղկաբուծության ոլորտում, և մենք մեծապես ողջունում ենք ԵՄ ինքնավար առևտրային գործիքակազմից օգտվելու հնարավորությունները, որոնք ընձեռված են Հայաստանին: Հուսանք՝ Հայաստանը լիովին կօգտվի այս հնարավորությունից: Այս մասին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը:

Այս համատեքստում նախարարը հայտարարել է, որ Նիդերլանդներն ուզում է աջակցություն տրամադրել Հայաստանի ծաղկագործներին՝ իրենց արտադրանքի համար գտնելու, Ռուսաստանից բացի, նաև այլ շուկաներ:

«Այսօր կայցելեմ նաև ջերմատներ՝ լսելու ծաղկագործներին, թե ծաղկաբուծության ոլորտում ինչ խնդիրներ են տեսնում ՌԴ-ի կողմից առաջ քաշված խնդիրների պատճառով: Այս մարտահրավերներից մեկը արտահանման դիվերսիֆիկացումն է, իրենց արտադրանքի համար համապատասխան շուկա գտնելը, Ռուսաստանից բացի՝ այլ շուկաներ գտնելը:

Մեծ սիրով ակնկալում ենք տեսնել, թե հոլանդացի ծաղկագործների հետ համագործակցությունից բացի՝ ինչպես կարող ենք ընդլայնել հոլանդական և եվրոպական շուկաների աջակցությունը: Հոլանդական կառավարությունը շարունակելու է սատարել Հայաստանին դիվերսիֆիկացման փուլում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ԵՄ խորհուրդը հաստատել էր հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորման առաջարկը, համաձայն որի՝ Հայաստանը ստացել էր տնտեսական որոշակի արտոնություն: