«Սա ջшրդ էր», «մանիպուլյացիա՝ ատեստավորման քողի ներքո». ֆիզիկայի ուսուցիչների 68 տոկոսը չի հաղթահարել ատեստավորման նվազագույն շեմը
Նոյեմբերի 14-ին և 15-ին տեղի ունեցած ֆիզիկա առարկայի կամավոր ատեստավորման նախնական տվյալներով՝ մասնակիցների շուրջ 68%-ը չի հաղթահարել նվազագույն՝ 60%-ի շեմը։ Ուսուցիչները պնդում են, որ թեստերը չեն համապատասխանել ուղեցույցին, առաջադրանքները եղել են չափազանց բարդ ու ժամանակատար։
«Սա ջարդ էր ուղղակի, որովհետև այս մասշտաբով չհաղթահարելը նորմալ չէ»,-այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է Աբովյանի Խաչատուր Աբովյանի անվան 1-ին ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Սոսի Հարությունյանը՝ մտահոգություն հայտնելով, որ այս թեստերը չեն արտացոլում մասնագետների իրական գիտելիքները:
Ուսուցիչների դժգոհություններն արդեն ունեն նաև պաշտոնական վիճակագրական հիմք։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը Tert.am-ին փոխանցեց, որ նախնական տվյալներով՝ ատեստավորմանը մասնակցածների շուրջ 68%-ը չի հաղթահարել նվազագույն շեմը։ Նրա խոսքով՝ սա այս պահի դրությամբ մյուս առարկաների համեմատ ամենաբարձր ցուցանիշն է։
«Մոտ 68%-ը չի հաղթահարել, այսինքն՝ ստացել է 60 տոկոսից ցածր արդյունք։ Բայց պետք է նշեմ, որ 50-59% արդյունք ցուցաբերած ուսուցիչները, նույնիսկ եթե երկրորդ անգամ են մասնակցել և չեն հաղթահարել շեմը, աշխատանքից զրկվելու վտանգի տակ չեն հայտնվում»,- նշեց ԿՏԱԿ տնօրենը:
12 տարվա աշխատանքային փորձ ունեցող Սոսի Հարությունյանի հիմնական դժգոհությունն այն է, որ քննության կառուցվածքը, իր պնդմամբ, չի համապատասխանել նախապես հրապարակված ուղեցույցին։ Նրա խոսքով՝ ուղեցույցով նախատեսված առնվազն 45 ընտրովի պատասխանով հարցերի փոխարեն թեստում եղել է 38 նման առաջադրանք, ինչպես նաև 8 պնդումներով հարցեր և 12 խնդիր։
«Միայն մեկ չափման միավորի ստացման համար հարցին պատասխանելու համար կարող է պահանջվել 15-20 րոպե։ Մինչդեռ նման առաջադրանքները մի քանիսն էին։ Կային նաև գրաֆիկներ և օլիմպիադաների խնդիրներ։ Ինչպե՞ս կարելի է 180 րոպեում 60 հարց լուծել, երբ մեկ առաջադրանքի վրա կարող ես 15-20 րոպե ծախսել»,- ասում է ուսուցչուհին։
Նրա խոսքով՝ որոշ պնդումների հարցերում նույնիսկ մեկ սխալը կամ բաց թողնված միտքը զրոյացնում էր ամբողջ առաջադրանքի միավորը։ Արդյունքում ժամանակի սղության պատճառով ինքը ստիպված է եղել թռիչքաձև պատասխանել հարցերին և չի հասցրել ամբողջությամբ կատարել թեստը։
Գնահատման և փեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը, սակայն, ժամանակի վերաբերյալ դժգոհությունները հիմնավոր չի համարում։ Նրա խոսքով՝ երեք ժամը հաշվարկված է որպես օպտիմալ ժամանակ, իսկ ուսուցիչները քննությունից առաջ ծանոթացել են թեստի կառուցվածքին և գնահատման չափանիշներին։
«Մարդ կլինի, որ գուցե 30 րոպե մտածի մի խնդրի վրա, բայց դա չի նշանակում, թե դա ամենաճիշտ տարբերակն է։ Հաշվարկված է օպտիմալ ժամանակ»,- Tert.am-ի հետ զրույցում նշել է Գրիգորյանը՝ հավելելով, որ դիմորդները երեք ժամում կատարում են 80 առաջադրանք, մինչդեռ ուսուցիչների թեստը ներառում է 60 առաջադրանք։
Սակայն կրթական հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը հակադարձում է՝ նշելով, որ տարբեր առարկաների առաջադրանքները նույն ժամանակը չեն պահանջում։
«Կան առարկաներ, որտեղ ուղղակի թեստային հարցեր են, և պատասխանը կարելի է շատ արագ տալ։ Բայց կան այնպիսի առարկաներ, ինչպիսին ֆիզիկան ու քիմիան են, որտեղ նախ պետք է խնդիրը լուծես, հետո ստանաս պատասխանը։ Դրա համար, բնականաբար, ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ։ Կամ պետք է առաջադրանքները համապատասխանեցնել ժամանակին, կամ ֆիզիկայի և քիմիայի պարագայում ավելի երկար ժամանակ տրամադրել»,- Tert.am-ի հետ զրույցում ասում է Մխիթարյանը։
Փորձագետի գնահատմամբ՝ խնդիրը միայն ժամանակը չէ, այլև տարբեր ատեստավորումների թեստերի բարդության անհամաչափությունը։
«Սա մի բառով կարելի է բնութագրել՝ մանիպուլյացիա՝ ատեստավորման քողի ներքո։ Թեստային հարցերը նախապես ոչ ոքի հայտնի չեն, և մի ատեստավորումից մյուսը դրանք էապես կարող են փոխվել։ Նույն ուսուցիչը տարբեր թեստերի դեպքում կարող է բոլորովին տարբեր արդյունք ցույց տալ, ինչը բնավ չի խոսում նրա գիտելիքների ու փորձառության փոփոխության մասին»,- նշում է Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ նման իրավիճակներ նախկինում եղել են նաև ֆրանսերենի և քիմիայի ատեստավորումների ժամանակ․ մասնավորապես՝ քիմիայի մի քննությունից հետո ուսուցիչների մեծ մասը չի հաղթահարել շեմը, իսկ հաջորդ ատեստավորման ժամանակ մասնակիցների զգալի մասն արդեն հաղթահարել է այն։
Մինչդեռ, Խաչանուշ Գրիգորյանը, անդրադառնալով ուղեցույցի և փաստացի թեստի անհամապատասխանության մասին պնդմանը, կոնկրետ պարզաբանում չի ներկայացրել՝ նշելով, որ այդ հարցերը պետք է բարձրացվեն պաշտոնական բողոքարկման միջոցով։
«Դա իրենք պետք է ոչ թե լրատվամիջոցին ասեն, այլ բողոքարկեն և իրենց բողոքարկման դիմումում գրեն։ Բովանդակային խնդիրների համար դիմում են բողոքարկման դիմումով և սպասում հանձնաժողովի պատասխանին»,- ասել է նա։
Գրիգորյանի խոսքով՝ ԳԹԿ-ի մասնագետներն առայժմ ֆիզիկայի թեստի հետ կապված բովանդակային խնդիր չեն նկատել։ Բողոքարկման արդյունքում հնարավոր են միավորների բարձրացում, նվազում կամ արդյունքների անփոփոխ թողնում։
Սոսի Հարությունյանի խոսքով՝ հիմնական դպրոցներում աշխատող ֆիզիկայի ուսուցիչները միշտ չէ, որ առնչվում են ավագ դպրոցի խորացված ծրագրին կամ բուհական ֆիզիկային, ուստի թեստի որոշ առաջադրանքներ կարող են չարտացոլել նրանց իրական մանկավարժական աշխատանքը։
«Դպրոցական ֆիզիկան և բուհական ֆիզիկան տարբեր են։ Հիմնական դպրոցում աշխատող ուսուցիչը, որը ավագ դասարանների հետ չի առնչվում և դիմորդներ չի պատրաստում, չի կարող նույն մակարդակով պահպանել բուհական ֆիզիկայի գիտելիքները։ Ես յոթ տարի աշխատել եմ ավագ դպրոցում, բայց նույնիսկ ես չեմ կարողացել հաղթահարել շեմը»,- ասում է նա։
Ատոմ Մխիթարյանի համոզմամբ՝ նման մոտեցումը կարող է ավելի խորացնել արդեն իսկ առկա կադրային խնդիրը։ Մեր այն դիտարկմանը, թե այսօր արդեն իսկ բնագիտական առարկաների մասնագետների խնդիր կա, բուհերում այդ ֆակուլտետների դիմորդները ամենաքիչն են, Մխիթարյանը նշեց, որ բնագիտական առարկաների ուսուցիչների պատրաստման ներկայիս տեմպերը բավարար չեն դպրոցների պահանջարկը լրացնելու համար։
«Մենք արդեն ունենք ուսուցիչների պակաս, զգալի թվով մասնագետներ թոշակի են անցնում։ Այս պայմաններում ատեստավորման այսպիսի սուբյեկտիվ գործընթացը կարող է լրացուցիչ խթանել ուսուցիչների դուրս գալը համակարգից։ Նրանք պարզապես չեն ուզում այդ գործընթացի մասը լինել»,- ասում է փորձագետը՝ հիշեցնելով նաև դպրոցներում շուրջ 1000 թափուր ուսուցչական հաստիքների մասին։
Մխիթարյանի խոսքով՝ ատեստավորումը բացասաբար է ազդում նաև ուսուցիչների հոգեբանական վիճակի և մասնագիտական մոտիվացիայի վրա։
«Այդ 68%-ը վերադառնալու է իր դպրոց։ Ինչպե՞ս են նրան նայելու աշակերտները, կոլեգաները, ծնողները։ Սա շատ վատ հոգեբանական վիճակի մեջ է դնում ուսուցիչներին։ Ըստ էության, հաղթահարածի և չհաղթահարածի միջև կարող է էական տարբերություն չլինել․ մարդը շարունակում է նույն ձևով դասավանդել, նույն աշխատանքն անել»,- նշում է նա։
Սոսի Հարությունյանի համար խնդիրը նաև անձնական մասնագիտական ապագան է։ Ուսուցչուհին, որը 6 տարի սովորել է ֆիզիկայի մասնագիտությամբ և 12 տարի դասավանդել, մտահոգված է, որ կրկնակի չհաղթահարելու դեպքում կարող է զրկվել ֆիզիկա դասավանդելու իրավունքից։
«Ուզում եմ ներկայացնել իմ և այն ուսուցիչների պահանջը, որոնց հետ կապի մեջ ենք և ովքեր ևս մեծ դժգոհություններ ունեն այս ամենի հետ կապված: Պետք է ստուգվեն մասնագետի գիտելիքները, ոչ թե ինչ-որ մրցավազք կազմակերպվի։ Պետք է ձևավորել նոր հանձնաժողով, վերանայել թեստը և կազմակերպել նոր քննություն՝ նախապես հրապարակված ուղեցույցին համապատասխան։ Չպետք է լինեն շփոթեցնող հարցադրումներ, չափազանց ժամանակատար կամ օլիմպիադիաների խնդիրներ»,- ասում է Հարությունյանը։











