Իսլանդացիները ճանաչվել են երկրագնդի հիմնական ամենաերկարակյաց ազգ

15:28 • 06.04.08

Իսլանդիայում ապրող տղամարդիկ ունեն կյանքի ամենաերկար տևողությունն աշխարհում: Այդ մասին են վկայում Ազգային վիճակագրական գործակալության տվյալները:

Իսլանդացու կյանքի միջին տևողությունը 2007թ. կազմել է 79,4 տարի:
“Սա համաշխարհային ռեկորդ է: Նրանք անգամ ավելի երկար են ապրում, քան ճապոնացի տղամարդիկ”, - ասել է գործակալության ներկայացուցիչ Օլեֆ Գարդարսդոտիրը:

Նշենք, որ Ճապոնիայում արական սեռի ներկայացուցիչներն ապրում է միջինը 78,6 տարի:
Իսլանդիայի իշխանությունները չեն կարող բացատրել, թե ինչով է պայմանավորված իրենց երկրի տղամարդկանց երկարակեցությունը:

“Մենք բացատրություն չունենք: Շատ դժվար է նշել այս ամենի պատճառը”, - խոստովանել է Օլեֆ Գարդարսդոտիրը:
Ինչ վերաբերում է կանանց, ապա այս առումով առաջնայնությունը պատկանում է ճապոնուհիներին. ծագող արևի երկրի բնակչուհիներն արդեն ավելի քան 20 տարի զբաղեցնում են առաջին տեղը:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն` նրանց կյանքի միջին տևողությունը կազմում է 86 տարի: Իսլանդիայում կանայք ապրում են միջինը 82,9 տարի. սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:

Տղամարդկանց և կանանց շրջանում կյանքի միջին տևողությունը Իսլանդիայում գերազանցում է 81 տարին: Սա երկրորդ տեղն է Ճապոնիայից հետո, որտեղ, 2007թ. վիճակագրության տվյալների համաձայն, մարդիկ ապրում են միջինը 82 տարի: Համաշխարհային վիճակագրական աղյուսակում երրորդ տեղը զբաղեցնում է Ֆրանսիան, որտեղ այս ցուցանիշը կազմում է 81 տարուց քիչ պակաս:

Գիտնականները հաճախ երկարակեցության ցուցանիշները կապում են առողջապահության մակարդակի և ազգային խոհանոցի առանձնահատկությունների հետ: Հայտնի է, որ, օրինակ, ճապոնացիները ուտում են ձուկ և օրգանիզմի համար մեծ քանակությամբ օգտակար նյութեր պարունակող այլ ծովամթերքներ: Հավանաբար, սա էլ հանդիսանում է այս երկրում երկարակյացների մեծ թվի պատճառ:

Ծովամթերքներին նախապատվություն են տալիս նաև իսլանդացիները. Երկրի տնտեսությունը երկար ժամանակ զարգացել է հիմնականում ձկնորսության հաշվին: Ինչ վերաբերում է ֆրանսիացիներին` ապա կարելի է ենթադրել, որ ոչ պակաս կարևոր դեր իրենց առողջության ամրապնդման մեջ խաղացել է նրանց` լավ գինին գնահատելու և խմելու ունակությունը: