Հայ ակնաբույժները կատարելագործվում են լազերային վիրաբուժության ոլորտում

15:27 • 12.04.08

Ապրիլի 15-ին Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի շրջանների և Երևանի պոլիկլինիկաների ակնաբույժների վերապատրաստման ծրագրի ավարտի և վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Ծրագիրը նպատակաուղղված էր աչքի հիվանդությունների բուժման ժամանակ վիրաբուժական և լազերային միջամտության կատարելագործմանը։

Ծրագիրն իրականացվել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի և Կրթությամբ զարգացման ակադեմիայի (ԿԶԱ) կողմից իրականացվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության «Մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման» ծրագրի շրջանակներում։

Հիշեցնենք, որ ակնաբույժների վերապատրաստման ծրագիրն անցկացվել է 2008 թվականի հունվարի 21-ից ապրիլի 4-ը։ Երեք փուլով ընթացած դասընթացներին մասնակցել է 42 ակնաբույժ` 25-ը Հայաստանի մարզերից և 17-ը` Երևանի պոլիկլինիկաներից։ Վերապատրաստումն անցկացվել է Ս. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում` ՀՀ առողջապահության նախարարության կողմից հիմնադրված Ուսուցման և աշխտորոշման կենտրոնում և վիրահատական հմտությունների զարգացման լաբորատորիայում։ Դասախոսություններն ու գործնական աշխատանքները վարել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի և Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աշխատակիցները։ Դասընթացների անցկացման ֆինանսական օժանդակությունը տրամադրել է ԿԶԱ-ն՝ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ։