Ամփոփվեց հանրապետության մի շարք պոլիկլինիկաների ակնաբույժների վերապատրաստման դասընթացների ծրագիրը

16:04 • 15.04.08

Երևանի Ս. Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնում այսօր հանդիսավորապես նշվեց հանրապետության մի շարք պոլիկլինիկաների ակնաբույժների վերապատրաստման դասընթացների ավարտը, որի կապակցությամբ դասընթացների մասնակիցներին տրվեցին ՀՀ առողջապահության նախարարության կողմից վավերացված վկայականներ։ 

Ինչպես միջոցառման բացման խոսքում նշեց Ս. Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը, դասընթացների ժամանակ մասնակիցները ծանոթացել են կենտրոնում մատուցվող ծառայություններին, մասնակցել վիրահատական հմտությունների զարգացման լաբորատորիայում կենդանիների վրա կատարվող փորձնական վիրահատություններին, ներկա են եղել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի և Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնագետների կողմից անցկացված դասախոսություններին և գործնական աշխատանքներին։ Նրանք հնարավորություն են ունեցել նաև հարստացնելու իրենց գիտելիքներն ակնաբուժական կենտրոնի գրադարանում։ Դասախոսությունների ժամանակ որպես ուղեցույց օգտագործվել է 2007թ-ին «Հայկական ակնաբուժության նախագծի» («ՀԱՆ») կողմից հրատարակված «Ակնաբուժության ընտրանի» ուսումնական ձեռնարկը։ Ա. Մալայանը կարևորեց նման ուսումնական ու վերապատրաստման ծրագրերի իրականացումը և պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում աջակցել մարզային ակնաբույժներին։

ՀԱՆ տնօրեն Նունե Եղիազարյանի խոսքերով` ակնաբույժների վերապատրաստման ծրագիրը 3 փուլով իրականացվել է այս տարվա հունվարի 21-ից ապրիլի 4-ը, որին մասնակցել է ընդհանուր առմամբ 42 ակնաբույժ, որից 25-ը` Հայաստանի, 17-ը` Երևանի պոլիկլինիկաներից։

Կրթության զարգացման ակադեմիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Անուշ Եդիգարյանն ընդգծեց, որ ծրագրի հաջող իրականացումը նախևառաջ պայմանավորված է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «Հայկական ակնաբուժության նախագծի» եւ Կրթությամբ զարգացման ակադեմիայի ճիշտ համագործակցությամբ։ Նա կարևորեց այն, որ հաջողվել է ծրագրում ներգրավել ակնաբույժներ բոլոր մարզերից եւ նպաստել նրանց գիտելիքների հարստացմանը։ Ա. Եդիգարյանը նաեւ հույս հայտնեց, որ այս ծրագիրը կկրի շարունակական բնույթ և կհաջողվի դրա շրջանակներում ընդգրկել ավելի մեծաթիվ ակնաբույժների։

Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Արմեն Սողոյանն այս ծրագիրը բնորոշեց որպես ամենաընդգրկուններից մեկը, նշելով, որ Կրթությամբ զարգացման ակադեմիան միշտ էլ աչքի է ընկել իրականացված ծրագրերի բարձր որակի ապահովմամբ։

Ծրագրի ամփոփման ժամանակ վերապատրաստմանը մասնակցած 42 ակնաբույժների հանձնվեցին նաև ակնաբուժական պարագաների փաթեթներ` հետագա աշխատանքն առավել արդյունավետ իրականացնելու համար։
Նշենք նաև, որ ակնաբույժների վերապատրաստման ծրագրի ֆինանսավորումն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից։