Nokia-ն, Ericsson-ը միավորվել են բջջային կապի այլ հսկաների հետ
Աշխարհում մի շարք հսկա տեխնոլոգիական ընկերություններ համաձայնության են եկել «Երկարաժամկետ էվոլյուցիա» (Long Term Evolution կամ LTE) բջջային ցանցերի զարգացող տեխնոլոգիայի պատենտները լիցենզավորելու վերաբերյալ։
Աշխարհում բջջային հեռախոսներ արտադրող ամենամեծ Nokia ընկերությունը և բջջային ցանցերի սարքավորումներ արտադրող Ericsson ընկերությունը հայտարարել են, որ նոր տեխնոլոգիայի տարածումն արագացնելու նպատակով նրանք պատրաստ են «արդար և չափավոր» պայմաններով լիցենզավորել իրենց պատենտները։
LTE տեխնոլոգիայի կիրառումը կարագացնի բջջային հեռախոսների միջև տեսանյութերի փոխանակման և երաժշտության ներբեռնման արագությունը։ Սակայն նման ծրագրերը ցանցային սարքավորումներ արտադրող ինդուստրիայի համար դեռ երկար ժամանակ եկամուտների աղբյուր չեն լինի. առաջին ցանցերի գործարկումը նախատեսվում է երկու տարուց ոչ շուտ, և բազմաթիվ օպերատորներ կնախընտրեն սպասել, մինչև որ տեխնոլոգիան վերջնականապես զարգանա։
«Այս հայտարարությունը լիցենզավորման ծախսերի կանխատեսելիության և թափանցիկության մեծացման ուղղությամբ կատարված քայլ է, ինչը նպաստելու է նոր տեխնոլոգիաների ավելի արագ որդեգրմանը»,- մեկնաբանել է Nokia-ում մտավոր սեփականության իրավունքների բաժնի տնօրեն Իլկա Ռահնաստոն։
Ընկերությունները համաձայնել են լիցենզավորման դիմաց կատարվող վճարումների մակարդակը LTE պատենտների համար սահմանել բջջային հեռախոսների վաճառքի գնի 10%-ից ցածր։ LTE տեխնոլոգիայով զինված նոութբուքների համար վճարումը չի գերազանցի $10-ը։
Համաձայնության հասած խմբի մեջ ներառված են Alcatel-Lucent-ը, NEC-ը, NextWave Wireless-ը, Nokia Siemens Networks-ը և Sony Ericsson-ը։ ԱՄՆ-ի` մեծությամբ երկրորդ Verizon Wireless բջջային հեռախոսների ծառայությունը աշխարհում բջջային կապ ապահովող ամենամեծ China Mobile ընկերության հետ LTE ցանցի կառուցման որոշում է կայացրել։ Նրանց առաջին ցանցը պետք է փորձարկվի 2008թ.։
Նոր տեխնոլոգիայի զարգացումը և մարկետինգը ապահովելու համար համատեղ գործարք են կնքել նաև Alcatel-Lucent-ը և ճապոնական NEC ընկերությունը։ Նույնիսկ Qualcomm ընկերությունն է LTE տեխնոլոգիայի համար նոր չիպեր խոստացել, չնայած LTE-ն Qualcomm-ի Ultra Mobile Broadband տեխնոլոգիայի մրցակիցն է։










