Երևանում կանցկացվի «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մրցունակություն և ինովացիա» թեմայով համաժողով
Երևանում մայիսի 14-15-ը կանցկացվի «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մրցունակություն և ինովացիա» թեմայով համաժողով։ Ինչպես տեղեկացրեցին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից, համաժողովը կանդրադառնա տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտին առնչվող մի շարք հարցերի, ինչպիսիք են ՏՏ կլաստերի ուժեղացմանն ուղղված նախաձեռնությունները, ՏՏ զարգացման ազգային հայեցակարգը, ՀՀ կառավարության նախաձեռնությունները` Հայաստանի ՏՏ ոլորտին աջակցելու հարցում։ Առաջին օրը կնվիրվի ՏՏ մրցունակության խթանման հարցերին։ Կքննարկվեն ՏՏ մրցունակության այնպիսի հիմնական չափանիշներ, ինչպիսիք են հավաստագրումը, հեղինակային իրավունքները և մտավոր սեփականության պաշտպանությունը։ Կներկայացվեն նաև հեռահաղորդակցության ոլորտի հիմնական զարգացումները, միջազգային կազմակերպությունները եւ բարեփոխումները։
Համաժողովի երկրորդ օրը կներկայացվեն «Microsoft»-ի մի շարք նոր և ինովացիոն ապրանքներ (MS Windows Server 2008, MS Visual Studio 2008, MS SQL Server 2008)։ Անդրադարձ կլինի «Microsoft»-ի ենթակառուցվածքների օպտիմալացման մոդելներին` որպես ՏՏ ունակությունների զարգացման աշխատանքների պլանավորման ձևի, և ՏՏ ոլորտի մի քանի հիմնական միտումներին։
Համաժողովը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, «Microsoft» ընկերության հայաստանյան գրասենյակը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)։ Այն կանցկացվի ՏՏ ձեռնարկությունների միության, «Եռաչափ մոդելավորողների հայկական ասոցիացիա»-ի, «Արդիական տեխոնոլգիաների մասնագետների ասոցիացիա»-ի և «Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիա»-ի հետ համագործակցությամբ։










