Բջջային հեռախոսները և խաղարկիչները ալերգիա են առաջացնում
Բջջային սարքավորումները կարող են ալերգիայի պատճառ դառնալ։ Համաձայն The Inquirer-ի հաղորդած տվյալների՝ այս մասին հայտարարել է Նյու Յորքի Stony Brook համալսարանի բժիշկ Թոդ Ռեզենգարթը։
Ռեզենգարթը վստահ է, որ էլեկտրամագնիսական պորտատիվ խաղարկիչների և բջջային հեռախոսների ճառագայթումը բացասաբար է ազդում զգայուն մաշկ ունեցող մարդկանց վրա։ Մասնավորապես, դրանք կարող են մաշկի վրա ցանի առաջացման պատճառ հանդիսանալ։ Ալերգիա ունեցողների մոտ բջջային հեռախոսները կամ խաղարկիչները կարող են էլ ավելի ուժեղացնել ալերգենների հանդեպ զգայնությունը։
Ռեզենգարթը նշել է, որ հեռախոսների և խաղարկիչների մարտկոցներում պարունակվող նիկելը նպաստում է մաշկային դերմատիտի առաջացմանը։
Որոշ փորձագետներ ավելի վաղ նույնպես հայտարարել էին, որ բջջային հեռախոսների էլեկտրամագնիսական ճառագայթները բացասաբար են անդրադառնում մարդկանց առողջության վրա, ավելին՝ դրանք կարող են քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսանալ։
Սակայն 2006թ. դանիական գիտնականները փորձաքննություն են անցկացրել ավելի քան 400 հազար բջջային կապի բաժանորդների շրջանում և ապացուցել, որ բջջային հեռախոսների օգտագործումը քաղցկեղային ուռուցքի առաջացման պատճատ չի կարող լինել։










