Լոլիկը կարող է պաշտպանել մաշկի քաղցկեղից

17:15 • 02.05.08

Ճաշատեսակները, որոնց բաղադրության մեջ մտնում է լոլիկ կամ լոլիկի սոուս, օրինակ, պիցցան կամ սպագետի բոլոնյեզեն, կարող են բարձրացնել մաշկի դիմացկունությունը վաղաժամկետ ծերացումից և նույնիսկ պաշտպանել մաշկը քաղցկեղ առաջացնող ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Մանչեսթերի և Նյուքասլի համալսարանների գիտնականների կողմից իրականացված հետազոտությանը մասնակցել են տաս հոգուց բաղկացած երկու խումբ կամավորներ: Երեք ամիսների ընթացքում առաջին խմբի մասնակիցներին օրական տալիս էին 55 գրամ լոլիկի սոուս (այն պատրաստելու համար լոլիկներն անցնում էին ջերմային մշակում) և 10 գրամ ձիթապտղի ձեթ: Երկրորդ խմբին տալիս էին միայն ձիթապտղի ձեթ:

Երեք ամիս անց սննդի մեջ լոլիկի սոուս օգտագործողների մաշկի նմուշների մեջ հայտնաբերվել է 33% ավելի շատ պրոկոլագեն, որը պաշտպանում է արևայրուկից և մաշկին տալիս է ամրություն:

Գիտնականները ենթադրում են, որ մաշկի պաշտպանությունն ավելացնող լոլիկում առկա հիմնական բաղադրիչ է հանդիսանում հակաօքսիդանտ լիկոպինը: Նրա բաղադրությունը ուժեղանում է լոլիկների ջերմային մշակման դեպքում: