Էկոնոմիկայի նախարարը խոսում է պրովայդերների և «ԱրմենՏելի» կոնֆլիկտի մասին
Պրովայդերների հետ կոնֆլիկտը լուծելու համար «ԱրմենՏել» ՓԲԸ լիազորությունների օրենսդրական սահմանափակումը լավագույն լուծումը չէ։ Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը մայիսի 1-3-ը Ծաղկաձորում ՏՏ տեխնոլոգիաներին նվիրված համաժողովի ժամանակ։ Նախարարի կարծիքով, ցանկացած սահմանափակում կհանգեցնի ընկերության կողմից պատասխան արձագանքի, և դեռ պետք է հաշվարկել, թե արդյո՞ք մենք դրանից կշահենք։ Նախարարը նշել է, որ պրովայդերները, իրենց դժգոհությունը հայտնելով «ԱրմենՏելից», «մտածում են ոչ գլոբալ»։
Նա հավաստիացրել է, որ պետության նպատակը տեղեկատվական հասարակության ձևավորումն է, և հարկավոր է բացահայտել գլխավոր խնդիրը։ Դեռ հարկավոր է մի լավ վերլուծել շուկայի պահանջարկն ու առաջարկը` նախքան որոշակի լուծումներ առաջարկելը, ասել է նա։ Նախարարը կարծիք է կայտնել, թե միգուցե ավելի նպատակահարմար կլիներ, որպեսզի շուկայի մասնակիցներն իրենց ջանքերը միավորեին այլընտրանքային հեռահաղորդակցության ցանց ստեղծելու նպատակով։ Նա հայտարարել է, որ պետությունը մտադիր չէ ներդրումներ ներգրավել այլընտրանքային ցանցի ստեղծման գործում, քանի որ դա մասնավոր բիզնեսի գործն է։
«Սա այս ձևաչափով արդեն երրորդ կամ չորրորդ քննարկումն է, և խնդիրն այն է, որ մինչ օրս փոխհամաձայնություն ձեռք չի բերվել։ Մենք առ այսօր չենք կարողացել գտնել բոլոր կողմերի համար ընդունելի լուծում։ Դժբախտաբար, մենք չենք կարողացել շահագրգռել ոչ «ԱրմենՏելին», ոչ «ՎիվաՍելին», և ես կարծում եմ, որ նման հանդիպումները հարկավոր է շարունակել», - ասել է Ն.Երիցյանը։










