Ծաղկաձորում անցկացվել է «Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների լիդերների առանց փողկապների հանդիպում-ֆորումը»
Ծաղկաձորում մայիսի 1-3-ն անցկացվել է «Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների լիդերների առանց փողկապների հանդիպում-ֆորում»-ը։
Այստեղ ընդհանուր քննարկման են դրվել 3 հիմնական թեմաներ` մաքսային և հարկային օրենսդրության ու վարչարարության կատարելագործում, հեռահաղորդակցություն և ցանցային անվտանգություն, ՏՀՏ կրթություն։ Ըստ մասնակիցների` այս 3 հիմնական ուղղություններով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել և պետականորեն միջոցառումներ իրականացնել առկա բացերի լրացման ուղղությամբ, ինչը կնպաստի Հայաստանում տեղեկատվական հասարակության ձեւավորմանը։
«Սինոփսիս» ընկերության փոխտնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ` ՏՏ ոլորտի, և ընդհանրապես, հանրապետությունում գործող տնտեսվարող սուբյեկտների առջև ներկայումս ներկրման դեպքում ծառանում է ներկրվող ապրանքների գնահատման, իսկ արտահանման դեպքում` պետության կողմից ավելացված արժեքի հարկի հետ վերադարձման խնդիր։ Հաճախ մաքսակետում ներկայացվող հաշիվ-ապրանքագրերը չեն արժանանում մաքսային մարմինների վստահությանը, ինչի արդյունքում նրանք որպես մաքսատուրք գանձում են իրենց բազայում նախօրոք սահմանված գնացանկի համաձայն։ Վերջինում ներկայացված միջին գները, սակայն, երբեմն ավելի բարձր են լինում, քան ներմուծողն է իրականում վճարել ապրանքի դիմաց, ուստի գանձվող ԱԱՀ-ն` ապրանքի արժեքի 20 տոկոսի չափով, ավելի բարձր է լինում, և «տնտեսվարողները գերհարկվում են»։ Բազայով սահմանված գների կիրառումն, ըստ տնտեսվարողների, պետք է իրականացվի հազվադեպ դեպքերում, սակայն դրա կիրառությունն այժմ Հայաստանում բավականին բարձր է։
Ի պատասխան բարձրացված այս խնդրի` ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության կողմից տարվող արտաքին առևտրի քաղաքականության բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է ընդլայնել համագործակցությունը հեղինակավոր սերտիֆիկացնող ընկերությունների հետ, որոնց կողմից գնահատված ապրանքների համար ՀՀ ներմուծելիս հավաստման սերտիֆիկատներ այլևս չեն պահանջվի, ներկայացված հաշիվ-ապրանքագրերն անպայման որպես հիմք կընդունվեն, իսկ ներմուծվող ապրանքները կանցնեն ներմուծման «կանաչ գծով»։ Այս բարեփոխումների վերաբերյալ մշակվում է օրենսդրական փաթեթ, որն առաջիկա 1-2 ամսում կդրվի ԱԺ քննարկմանը։
Ըստ Վ. Դանիելյանի` մաքսային ոլորտում որոշ դեպքերում նույն ապրանքների ներկրման ժամանակ մաքսազերծման տարբեր դրույթների կիրառման արդյունքում «անորոշության դաշտը մեծանում է և անհավասար դաշտ է ստեղծվում»։
Ըստ նրա` հարկավոր է առավելագույնս նվազեցնել բազայով սահմանված գների կիրառումը, ապրանքների` բազայում սահմանված գները, ինչպես և հանձնարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որոնք պետք է անպայման ներկայացված լինեն Մաքսային պետական կոմիտեի պաշտոնական կայքէջում, պարբերաբար թարմացվեն և այլն։ Պետք է ուշադրություն դարձվի հաշվիչ-դրամարկղային մեքենաների կողմից կտրոնների պարտադիր տրմանը։ Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է հզորացնել հարկային և մաքսային վարչարարությունը, որպեսզի թույլ չտրվի կեղծ հաշիվ-ապրանքագրերով ապրանքների ներմուծումը։
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Հարկային բարեփոխումների վարչության պետ Արման Զարգարյանը նշել է, որ այժմ մշակվում է ԱԱՀ հետ վերադարձման փորձնական ծրագիր, որը կներդրվի մինչեւ այս տարեվերջ։ Դրա հաջողվելու դեպքում այն արդեն 2009թ-ին ամբողջությամբ կներդրվի, և 30 օրվա ընթացքում տնտեսվարողներին կամ ԱԱՀ-ն սահմանված կարգով կվերադարձվի, կամ հաշվանցում կիրականացվի արդեն ավտոմատ կարգով։ «Սա վարչարարական խնդիր է, հարկային վարչարարության ամենալուրջ խնդիրներից մեկը, որն այժմ քննարկվում է։ Մինչ այժմ այդ գործընթացի վերաբերյալ ստացված ոչ մի դիմում չի անտեսվել»,-նշեց նա։ Այս տարի առաջին անգամ պետբյուջեով առանձին գումարներ են նախատեսվել ԱԱՀ հետ վերադարձման համար։
ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներն անդրադարձել են նաև հնացած համակարգիչները բարեգործական հիմունքներով այլ կազմակերպությունների տրամադրմանը, որի դեպքում համապատասխան կարգով պետք է կրկին ԱԱՀ վճարվի։ Ի պատասխան նշվել է, որ համապատասխան օրենքում փոփոխությունների իրականացման խնդիր կա։
Հարց է բարձրացվել նաեւ էլեկտրոնային եղանակով գնումներ կատարելիս ՀՀ ներմուծվող ապրանքների մաքսազերծման խնդրի վերաբերյալ։ Այդ խնդիրն առաջանում է, քանի որ էլեկտրոնային եղանակով ապրանքներ գնելիս անհրաժեշտ հաշիվ-ապրանքագրերը բացակայում են։ Ա. Զարգարյանի խոսքով` այս խնդիրն առկա է նաև եվրոպական երկրներում։ Այս պարագայում, ըստ նրա, ծախս հիմնավորելու խնդիր կա, ուստի պետք է փոխվի տվյալ հարցը կարգավորող համապատասխան կարգը։ Բացի այդ` մինչև այս տարեվերջ հանրապետությունում կներդրվի էլեկտրոնային հավաստման համակարգը, որի դեպքում կնիքի անհրաժեշտությունն այլեւս կվերանա։
Ա. Զարգարյանի խոսքով` լուրջ փոփոխություններ են սպասվում նաև փոքր ձեռնարկությունների աջակցման պարագայում. կսահմանվի որոշակի չհարկվող սահման, որից ներքև ԱԱՀ չի գանձվի, իսկ շահութահարկը կվճարվի պարզեցված ընթացակարգով։ Որքան կազմակերպությունը փոքր լինի, այնքան կպարզեցվի նրա կողմից հաշվետվության ներկայացման կարգը։ «Հարկերից խուսափողներ չեն լինի, իսկ հարկային մարմինների հետ հանդիպումները և շփումները կհասցվեն նվազագույնի»,-նշեց վարչության պետը։
Ֆորումի վերջին օրը ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարին, ներկայացրել իրենց դժգոհությունները և առաջարկները` կապված նաև հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալելու կամ այն ընդլայնելու պարագայում առաջացող մի շարք խնդիրների հետ։ Նախարարի հետ առանձին զրույցում քննարկվել են հետագա հնարավոր քայլերը դրանց լուծման ուղղությամբ։
Ավելացնենք, որ ֆորումի կազմակերպիչներն են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագիրը (USAID/CAPS)` «Յու Քոմ» ընկերության հովանավորությամբ։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՏՀՏ ոլորտի հասարակական կազմակերպությունների մոտ 90 ներկայացուցիչներ։










