Պրովայդերները բողոքում են «ԱրմենՏել»–ից
«ԱրմենՏել» ՓԲԸ շարունակում է արգելակել հեռահաղորդակցության շուկայի զարգացումը Հայաստանում` անգամ 2007 թվականի հոկտեմբերի 1-ին մենաշնորհի բոլոր տեսակներից կամավոր հրաժարվելուց հետո։ Այդպիսի եզրակացության են հանգել Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցային ծառայությունների ղեկավարները մայիսի 1-3-ը Ծաղկաձորում անցկացված համաժողովի ընթացքում։ Որպես համաժողովի կազմակերպիչներ հանդես էին եկել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի մրցունակ մասնավոր հատվածը» ծրագիրը։
Քննարկման ընթացքում համաժողովի մասնակիցները նշել են, որ մենաշնորհից հրաժարվելուց հետո «ԱրմենՏելը» սկսել է մերժել ինտերնետի պրովայդերներին իր կապուղիների տրամադրումը վարձակալական օգտագործման, պատճառաբանելով, որ դրանք հենց իրեն են հարկավոր զարգացման համար։ Փաստորեն, մենաշնորհներից հրաժարվելն «ԱրմենՏելին» ազատել է կապուղիների տրամադրման գծով պարտավորություններից, ինչն ավելի մեծ դժգոհություն է հարուցել պրովայդերների շրջանում։ Խնդիրն այն է, որ հանրապետությունում գոյություն ունի մեկ հեռահաղորդակցության ցանց, որը պատկանում է «ԱրմենՏել» ընկերությանը, և հենց ընկերությունն սկսել է զբաղվել նաև պրովայդերական բիզնեսով։ Թեև հեռահաղորդակցության շուկայում մենաշնորհն իրավաբանորեն վերացվել է, սակայն, գործնականում, շարունակում է պահպանվել։ Համաժողովի մասնակիցները Հայաստանի իշխանություններին կոչ են անում օրենսդրական սահմանափակումներ կիրառել մենաշնորհատիրոջ գործողությունների նկատմամբ։ Մասնավորապես, նրանք առաջարկում են ազատականացնել այսպես կոչված «վերջին մղոնը»`«ԱրմենՏելի» ցանցից վերջնական սպառողին միացումը։ Որպես խնդրի լուծման մեկ այլ ուղի քննարկման ընթացքում ներկայացվել են այլընտրանքային ցանցի ստեղծման վերաբերյալ առաջարկություններ։ Հանդիպման մասնակիցները չեն ընդունել արբանյակային և ռադիոռելեային կապը որպես այլընտրանք օգտագործելու վերաբերյալ առաջարկությունները, քանի որ այն ավելի թանկ է և այնքան հուսալի չէ, որքան օպտիկամանրաթելայինը։ Նշվել է, որ այդպիսի կապը կարելի է օգտագործել, թերևս, խոշոր կորպորատիվ հաճախորդների համար կամ Հայաստանի հեռավոր շրջաններում, որտեղ ընդհանրապես ոչ մի կապ չկա։










