Հանրակրթական դպրոցների պետական ավարտական և բուհական ընդունելության միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 2-17-ը

16:57 • 07.05.08

Հանրակրթական դպրոցների պետական ավարտական և բուհական ընդունելության միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 2-17-ը։ Այս տարի միջնակարգ դպրոցների շրջանավարտները միասնական կարգով քննություն կհանձնեն «Հայոց լեզու, գրականություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» առարկաներից։ Քննություններին հարգելի պատճառներով չմասնակցած դիմորդները հնարավորություն ունեն այն հանձնել հուլիսի 2-10-ը։ Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանը, քննությունների թափանցիկությունն ապահովելու համար կազմակերպչական հարցերում կարվի ամեն ինչ, որպեսզի օբյեկտիվ արդյունքներ լինեն բոլոր քննություններից։ Բոլոր քննական կենտրոններում քննության պրոցեսը կնկարահանվի եւ մոնիտորներով կցուցադրվի, կլինեն նաեւ խլացուցիչ սարքեր` բջջային հեռախոսներից օգտվելը կանխելու նպատակով։

Խոսելով «Մաթեմատիկայի» քննության առաջադրանքներում փոփոխությունների վերաբերյալ` նա նշեց, որ նախկինում մշակված այն մոդելը, ըստ որի սխալ պատասխանի դեպքում շրջանավարտից հանվում է մեկ միավոր 0-ի փոխարեն, այժմ չի գործի։ Հիշեցնենք, որ դա վերաբերում էր թեստի 17, 18 և 19 առաջադրանքներին, որոնք պահանջում էին ընդարձակ պատասխաններ։ Այժմ դրանք կստուգվեն բազմակի ընտրությամբ` ճիշտ պատասխանը որոշելով առաջադրված 4 տարբերակներից։ Քննության ժամանակ չի թույլատրվի նաեւ հաշվիչ սարքերի գործածումը։ «Առաջադրանքներն այնպես են կազմված, որ դրանք լուծելիս հաշվիչների կարիք չի լինի»,- վստահեցրեց նա։

Մնացած քննությունների մասով փոփոխություններ չկան։