2007 թվականին Հայաստանում մինչև 93 տոկոսով նվազել է կեղծ ծրագրային արտադրանքի ծավալը
2007 թվականին Հայաստանում կեղծ ծրագրային արտադրանքի ծավալը կրճատվել է մինչև 93 տոկոսով` 2006 թվականի 95 տոկոսի դիմաց։ Ինչպես հաղորդել է Հայաստանում «Մայքրոսոֆթի» ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը, այդ մասին ասվում է Ծրագրային ապահովում արտադրողների միջազգային ասոցիացիայի (Business Software Allianse - BSA) հաշվետվության մեջ, որը ներառում է իրավիճակը աշխարհի 108 երկրներում։
Նա նշել է, որ չնայած կեղծ ծրագրային արտադրանքի ծավալի նվազմանը, Հայաստանը շարունակում է այդ ցուցանիշով առաջատար դիրքեր զբաղեցնել աշխարհում։ Ընդ որում, Գ.Բարսեղյանի հավաստմամբ, Հայաստանին հետևում են Բանգլադեշն ու Ադրբեջանը` որտեղ կեղծ ծրագրային արտադրանքի մակարդակը 92 տոկոս է։ Այդ ցուցանիշն ամենացածրն ԱՄՆ-ում է` 20 տոկոս։ «Կեղծ ծրագրային արտադրանքի ծավալի նույնիսկ 10 տոկոս նվազումը պետությանը 2 մլրդ դրամի շահույթ կբերի», - ասել է նա։ Որպես օրինակ Գ.Բարսեղյանը նշել է անհատական համակարգիչների համար հայկական տառատեսակ մշակողներին։ «Եթե հայկական տառատեսակից 200 հազար օգտվողներից յուրաքանչյուրը նրանց վճարեր թեկուզ 1-ական դոլար, ապա պարզ է, որ նրանց համար կապահովվեին կյանքի ու աշխատանքի արժանի պայմաններ», - ընդգծել է Գ.Բարսեղյանը։ Նա նշել է, որ կեղծ սկավառակների 50-60 տոկոսը, չնայած ցածր գնին, պարունակում է վնասակար կոդեր, որոնք քայքայում են կոմպյուտերային համակարգը։ «Հեղինակային իրավունքների պաշտպանությունը իշխանության մարմինների իրավասությունն է, ՏՏ մշակողները չեն կարող դրանով զբաղվել», - եզրափակել է նա։










