«Ֆենիքսը» վերջապես հասավ Մարս
Ամերիկյան «Ֆենիքս» տիեզերական սարքը դիպչել է Մարսի մակերեսին: «Ֆենիքս»–ի թռիչքը դեպի «Կարմիր մոլորակ» շարունակվում է արդեն 10 ամիս, սարքի առաքելությունը Մարսի վրա ծրագրված է իրականացնել 90 օրվա ընթացքում, հայտնում է СNN-ը:
NASA տիեզերական գործակալության կողմից ստեղծված սարքը կանցկացնի հետազոտություններ Մարսի մակերևույթին, մասնավորապես, կփորձի հայտնաբերել ջրի և կյանքի գոյությունն ապահովող այլ միացությունների հետքեր:
Վայրէջքն առաջին անգամ կատարվել է Կարմիր մոլորակի հյուսիսային բևեռում: Տիեզերական սարքը վայրէջք է կատարել 679 մլն կմ տևած թռիչքից հետո` ժամանակացույցին համապատասխան:
«Ֆենիքսը» զինված է բոլոր անհրաժեշտ միջոցներով՝ մակերեսը հորատելու, այնտեղից հումք և սառույցի մի քանի նմուշներ հանելու և բարդ քիմիական անալիզներ անցկացնելու համար:
2009թ. «Ֆենիքսին» փոխարինելու համար դեպի Մարս ուղևորության կմեկնի Mars Science Laboratory հետազոտական սարքը: Ծրագրվում է, որ այն կհասնի մոլորակի մակերեսին 2010թ.:










