Հունիսի 25-27-ը Երևանում կանցկացվեն «Microsoft-ի նորարարությունների օրեր»

15:06 • 27.05.08

Հունիսի 25-27-ը Երևանում կանցկացվեն «Microsoft-ի նորարարությունների օրեր»։
«Microsoft Հայաստան»-ի տնօրեն Գրիգոր Բարսեղյանի խոսքերով՝ «Microsoft-ի նորարարությունների օրեր»-ը կկազմակերպվեն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /UITE/ հետ համատեղ։

Նա տեղեկացրել է, որ միջոցառման շրջանակներում կներկայացվեն և կքննարկվեն ծրագրային ապահովման հայաստանյան ընկերությունների կողմից մշակված նորարարական տեխնոլոգիաները և Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում դրանց օգտագործման նշանակությունը։ Գ. Բարսեղյանի խոսքով՝ երկօրյա խորհրդաժողովին սպասվում է նախարարությունների, պետական գերատեսչությունների և մասնավոր ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությունը։

«Microsoft կորպորացիան ամեն տարի միլիարդավոր ներդրումներ է կատարում ծառայությունների նոր պորտֆելների ձևավորման և նորարարական տեխնոլոգիաների զարգացման նպատակով, և այդ մշակումները հատկապես կարևոր են զարգացող տնտեսությամբ երկրների համար»- ընդգծել է նա։

Գ. Բարսեղյանը նաև նշել է, որ «Microsoft-ի նորարարությունների օրեր»-ը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում բազմակողմ համագործակցություն հաստատել` Հայաստանի մրցունակության բարձրացման նպատակով։