NASA-ն կորցրել է կապը Մարսի վրա գտնվող «Ֆենիքսի» հետ
«Ֆենիքս» տիեզերական սարքի` Մարսի վրա գտնվելու երկրորդ օրվա համար ծրագրված հանձնարարությունների իրականացումն ի հայտ եկած անսարքություների պատճառով հետաձգվել է, հայտնում է AP-ն:
NASA-ի հայտարարության համաձայն` խնդիրներ են առաջացել Երկրից հրահանգներ ընդունող երկու տիեզերական սարքերից մեկի հետ, որի հետևանքով խափանվել է կապը «Ֆենիքսի» հետ:
NASA-ի ներկայացուցիչները նշել են, որ Մարսում գտնվելու երկրորդ օրը «Ֆենիքսը» պետք է բացի 2-մետրանոց մեխանիկական ձեռքը ֆիքսող կողպեքը, փորի 1 մետր խորությամբ հոր սառույցի մեջ և ստացված նյութերը հասցնի վայրէջքային սարքավորման մինի-լաբորատորիա:
Մասնագետների խոսքերով, սակայն, ծագած խնդիրը լուրջ սպառնալիք չի ներկայացնում նախագծին:
Նշենք, որ նախագծի մոտավոր արժեքը, ամերիկյան ԶԼՄ-ների գնահատմամբ, կազմում է մոտ 420 մլն դոլար:










