«Շարունակական բժշկության կրթություն» ծրագրի շրջանակներում այս տարի կվերապատրաստվի հանրապետության 48 բժիշկ

12:59 • 29.05.08

Հանրապետության ևս 48 բժիշկ այս տարի կվերապատրաստվի Հայ օգնության հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Շարունակական բժշկության կրթություն» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի համակարգող Համբարձում Սիմոնյանի խոսքով՝ Երևանի առաջատար կլինիկաներում այս տարի արդեն վերապատրաստվել է Հայաստանի տարբեր մարզերի 22 բժիշկ։

Վերապատրաստվել ցանկացողների ընտրությունը կատարվում է նախնական ուսումնասիրությունների արդյունքում։

«Մենք կատարում ենք շրջայցեր, տեղում կազմակերպում հանդիպումներ, ուսումնասիրում իրավիճակը, վերջին տարիներին վերապատրաստման ծրագրերին բժիշկի մասնակցությունը` ըստ այդմ էլ կատարելով ընտրություն։ Հիվանդանոցների վերաբերյալ տեղեկատվություն ստանում ենք նաև ՀՀ առողջապահության նախարարությունից»,- նշեց Հ. Սիմոնյանը։

Նրա տեղեկացմամբ՝ վերապատրաստվում է ամսական 4 բժիշկ մեկ ամիս ժամկետով։ Տարվա մեջ մեկ անգամ կազմակերպվում է հանդիպում ծրագրի շրջանակներում վերապատրաստված բոլոր բժիշկների հետ, որի նպատակը որակավորման դասընթաց անցկացնելն է։ Նախատեսվում է այս տարվա հավաքը կազմակերպել աշնանը։

«Սա մի գործընթաց է, որը նպաստում է ծրագրի հետագա ընդլայնմանն ու զարգացմանը»,- ավելացրեց Հ. Սիմոնյանը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև համապատասխան բուժսարքավորումների տրամադրում մարզային այն հիվանդանոցներին, որոնք դրանց առավել կարիքն ունեն։