Հայաստան կժամանի Intel-ի նախագահը

13:53 • 31.05.08

Հայաստանում սպասում են «Ինթել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարետի այցին։ Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ՏՏ զարգացման վարչության պետ Ժենյա Ազիզյանը, օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից «Ինթելի» ղեկավարին պաշտոնական հրավեր է փոխանցվել այցելել Հայաստան` «Երիտասարդությունը և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները» համաժողովի շրջանակներում, որպես որի կազմակերպիչ հանդես կգա ՄԱԿ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և զարգացման համաշխարհային դաշինքը։ Երկրի կառավարության նախաձեռնությամբ համաժողովի անցկացումը նախատեսվում է առաջիկա հոկտեմբերի վերջին` Հայաստանում «ՏՏ միամսյակի» շրջանակներում։

Ժ.Ազիզյանի ասելով, «Ինթելի» ղեկավարի հրավերը Հայաստան համահունչ է կառավարության քաղաքականությանը, որը նպատակաուղղված է աշխարհի խոշոր և ռազմավարական ՏՏ ընկերությունների ներգրավմանը հանրապետություն` ոլորտի զարգացման տեմպերն արագացնելու նպատակով։

«Ըստ նախնական տվյալների, պարոն Բարետը դրական է արձագանքել Հայաստան հրավերին, սակայն առայժմ վաղ է խոսել նրա վերջնական որոշման մասին։ Ամեն դեպքում, Հայաստանի կառավարությունը կշարունակի ամեն ջանք գործադրել ՏՏ համաշխարհային շուկայի առաջատար խաղացողների հետ կապերն ամրապնդելու ուղղությամբ», - ընդգծել է Ժ.Ազիզյանը։

«Ինթելի» տնօրենների խորհրդի նախագահը շուտով այցելելու է Ռուսաստան, Ղազախստան և Ադրբեջան։ Հիշեցնենք, որ 2006 թվականին «Ինթել» կորպորացիան ցանկություն էր հայտնել մուտք գործել Հայաստանի ՏՏ շուկա, սակայն այն ժամանակ չէր հանդիպել հայկական կողմի համարժեք շահագրգռվածությանը։ Նախատեսվում էր կորպորացիայի օգնությամբ Հայաստանում զարգացնել անհաղորդալար տեխնոլոգիաներ` Wi-Fi և Wimax։ Ծրագրի իրացման համար կորպորացիան հայկական կողմից ակնկալում էր ընդառաջ նախաձեռնություններ, որոնք սահմանափակվում էին խոսակցություններով։ Կորպորացիան հետաքրքրություն էր դրսևորել նաև Հայաստանում իր կրթական նախաձեռնությունների իրացման գործում։ Մինչդեռ «Ինթելը» չափազանց ակտիվ կերպով մուտք է գործել հարևան Ադրբեջանի շուկա։