ԵՊՀ-ն և Վարշավայի համալսարանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր

17:35 • 02.06.08

ԵՊՀ-ի և Վարշավայի համալսարանն այսօր ստորագրեցին համագործակցության պայմանագիր։ ԵՊՀ-ի կողմից այն ստորագրեց ռեկտոր Արամ Սիմոնյանը, Վարշավայի համալսարանի կողմից` ռեկտոր Կատարժինա Խալաշչինսկա-Մացուկովը։ Ըստ պայմանագրի` համալսարանները կհամագործակցեն կրթության, գիտության ոլորտներում, կլինեն ուսանողների փոխայցելություններ։ Բուհերի ֆիզիկայի, պատմության, իրավագիտության, տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների դեկաններն այսօր քննարկել են փորձի փոխանակման ծրագրեր։ Նախատեսվում է, որ ԵՊՀ-ի նշված ֆակուլտետների ղեկավարները հաջորդ տարի կայցելեն Վարշավա։

Պայմանագրի ստորագրմանը ներկա էին նաև երկու երկրների արտակարգ և լիազոր դեսպանները` Աշոտ Գալոյանը և Տոմաշ Կնոտետը։ Ինչպես նշեց Կատարժինա Խալաշչինսկա-Մացուկովը, բուհերի միջև հարաբերությունները խիստ բարեկամական են։ «Պայամանագիրը պարզապես ամբողջացնում է բարեկամությունը, սակայն այն դեռևս ձևական կողմն է ու չի կարող իրագործվել առանց համալսարանների աշխատակիցների ջանասիրության և աշխատասիրության»,-ընդգծեց նա` հույս հայտնելով, որ արդեն մոտ ապագայում կիրականացվեն համալսարանների ուսանողների փոխայցելություններ։

ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանի խոսքով, ստորագրված պայմանագիրը մնում է լոկ փաստաթուղթ, քանի դեռ այն գործի չի դրվել կոնկրետ գործողություններով։ Նա հույս հայտնեց, որ այն կբարձրացնի երկու բուհերի համագործակցության մակարդակը և կդառնա հետագա աշխատանքային պայմանագրերի հիմքը։

Տ. Կնոտետի խոսքով, պայմանագրի ստորագրմամբ շարունակվում է երկու երկրների դարավոր բարեկամությունը։