Թռչնի գրիպը կրկին հիշեցնում է իր մասին
Ամերիկյան Tyson Foods սննդամթերքի ընկերությունը սկսել է 15 հազար հավերի ոչնչացումը, որոնց մոտ հայտնաբերվել է H7N3 վարակը, որը հայտնի է որպես «թռչնի գրիպ»: Հիվանդության բռնկումը գրանցվել է Արկանզաս նահանգի հյուսիս-արևմուտքում, հայտնում է AP-ն:
Արկանզասի անասնաբուժական ծառայությունը «թռչնի գրիպի» հայտնաբերման հետ կապված շտապել է վստահեցնել, որ մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում: Այնուամենայնիվ, ծառայության ներկայացուցչի խոսքերով` իշխանություններն այս դեպքը որակում են որպես «չափազանց լուրջ»:
H7N3 վարակը վտանգավոր չէ մարդու համար` ի տարբերություն H5N1-ի, որը խլել է 240 մարդու կյանք ամբողջ աշխարհում:
Գիտնականները մտավախություն են հայտնել, սակայն, որ այս վարակը ևս կարող է փոփոխություններ կրել և փոխանցվել մարդուց մարդուն, մինչդեռ այժմ մարդիկ կարող են վարակվել այս հիվանդությամբ միայն հիվանդ թռչունի հետ մոտ շփում ունենալու դեպքում:










