ԳԹԿ-ին կից ստեղծվել է քննությունների արդյունքների բողոքարկման կենտրոն

18:12 • 05.06.08

Գնահատման և թեստավորման կենտրոնում այժմ իրականացվում է հունիսի 2-ին կայացած «Հայոց լեզու, գրականություն» քննության արդյունքների բողոքարկման գործընթացը։ Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը, կազմվել է ԳԹԿ-ին կից բողոքարկման կենտրոն նրա գլխավորությամբ, որն արդեն ստացել է դիմում-բողոքներ` քննության կազմակերպման հետ կապված։ 

«Կարծում եմ` դիմումների թիվը կավելանա քննության արդյունքների հրապարակումից հետո»,- ասաց նա։ Նշենք, որ դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 6-ը` ժամը 18։00։

Կենտրոնում կստեղծվեն տարբեր մասնագիտական խմբեր, որոնք կզբաղվեն բոլոր վիճելի հարցերով։ Բողոքարկման արդյունքները կհրապարակվեն եռօրյա ժամկետում։

Այսօր բոլոր քննական կենտրոններում ժամը 12.00-ին հրապարակվել են քննություն հանձնողների գնահատականների ցուցակները։ Միասնական քննություն հանձնած 13 հազ.439 դիմորդ-շրջանավարտից ընդամենը 28-ն է ճիշտ պատասխանել 80 առաջադրանքներից բոլորին։ Քննության նվազագույն շեմ է համարվել 7,5 միավորը. այդ շեմը չեն հաղթահարել 782 շրջանավարտներ կամ քննություն հանձնողների 5,5 տոկոսը։

Միջին միավորները եղել են 13-15-ը։ Բացակայել է 161 դիմորդ-շրջանավարտ կամ նախապես հայտագրվածների 1,2%-ը. նրանք քննություն կհանձնեն հուլիսի առաջին տասնօրյակում նշանակված լրացուցիչ օրը։