«Ֆենիքսի» աշխատանքը ձախողվել է
Տեխնիկական խնդիրը հնարավորություն չի տվել «Ֆենիքսին» անցնել Մարսի հողի անալիզի առաջին փորձարկմանը, հայտնում է AP-ն:
««Ֆենիքսի» ուղարկած լուսանկարներից երևում է, որ սարքը չի կարողացել բեռնավորել հավաքած հողը փոքր վառարան-լաբորատոնիայի մեջ: Այնտեղ նմուշները պետք է տաքացվեին մինչև հազար աստիճան Ցելսիուսի սանդղակով, իսկ ստացված գազերը պետք է հետազոտվեին ածխածնի, ջրածնի, թթվածնի և ազոտի հետքեր հայտնաբերելու նպատակով:
Արիզոնա նահանգի գիտնականները ներկա դրությամբ աշխատում են պարզել անսարքությունների պատճառը: Այն բանից հետո, երբ հաստատվի լաբորատոր փորձարկման աշխատանքներին խոչընդոտող պատճառը, փորձագետները կփորձեն «Ֆենիքսին» փոխանցել գործողությունների ծրագիրը, որպեսզի հարթեն իրավիճակը:
«Ֆենիքսի» առաքելությունը Մարսի վրա ուղեկցվում է մի շարք խնդիրներով և բարդություններով: Այսպես, արդեն երկու անգամ, բացի այսօրվա դեպքից, սարքը կորցրել է կապը Երկրի հետ Մարսից հեռարձակող արբանյակների անսարքությունների պատճառով: Այդ պատճառով NASA-ի մասնագետները երկու անգամ ստիպված են եղել հետաձգել աշխատանքների ծրագիրը: Անսարքություններ են ծագել նաև մեխանիկական «ձեռքը» գործի դնելու ժամանակ, որի օգնությամբ ստացվել են Մարսի հողի առաջին նմուշները:










