Քննարկվել են ՏՏ ոլորտի խնդիրները

18:38 • 10.06.08

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի ընդլայնված նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Օրակարգի շրջանակներում քննարկվել են ՏՏ ոլորտի առաջնորդման ձևը, ոլորտի զարգացման խնդիրները եւ հայեցակարգը։ Խորհրդի անդամների առաջարկությամբ, օրակարգում ներառվել են նաեւ արբանյակային ալեհավաքների օգտագործման, Հայաստան մտնող օպտիկա-մանրաթելային մալուխի հետ կապված խնդիրները և ինտերնետի հայերենացման գործընթացին պետական հնարավոր աջակցության տրամադրման վերաբերյալ հարցը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջնորդման ձևի վերաբերյալ, ներկայացվել է, որ քննարկումների արդյունքում նպատակահարմար է համարվել ՏՏ ոլորտը համակարգող պետական կառավարման պատասխանատու մարմին դիտել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, խորհրդի անդամների հարցերին ի պատասխան, ներկայացրել է ոլորտի համակարգման մեխանիզմները, այդ թվում` խորհրդի, այլ նախարարությունների, մասնավոր հատվածի հետ համագործակցության ձևերն ու հնարավորությունները։

ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը ևս, որը տեղադրված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինտերնետային կայքում, ներկայացրել է էկոնոմիկայի նախարարը` հանգամանորեն անդրադառնալով այդ փաստաթղթի մշակման գործընթացին, էությանը, ստացված առաջարկություններին եւ դիտողություններին։ Ընդլայնված նիստի մասնակիցներն օրակարգի առաջին երկու հարցերի վերաբերյալ արտահայտել են իրենց տեսակետները` ներկայացնելով ոլորտի առաջնորդման ձեւի եւ զարգացման հայեցակարգի վերաբերյալ իրենց առարկություններն ու առաջարկությունները։ Որոշվել է հայեցակարգն ընդունել որպես հիմք` հետագա քննարկումների համար։


Արբանյակային ալեհավաքների օգտագործման խնդրի հետ կապված, վարչապետը հանձնարարել է հարցի լուծման ուղղությամբ ձեռնարկել միջոցներ` ելնելով բիզնեսին չխոչընդոտելու նպատակից և կարևորելով հրապարակայնությունը։

ՀՀ սահմանից մինչև կենտրոն ձգվող օպտիկա-մանրաթելային մալուխի սահմանափակ ռեսուրսի պատճառով առաջացող խնդիրների լուծման հետ կապված, հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել լուծման առաջարկներ և դրանց մասին զեկուցել հաջորդ նիստում։

Օրակարգի հաջորդ հարցի` ինտերնետի հայերենացման հարցի հետ կապված, հանձնարարվել է` ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ ևս մեկ անգամ քննարկել արդեն իսկ այդ ուղղությամբ իրականացված աշխատանքի արդյունքը լայնորեն ներդնելու համար պետական աջակցության հնարավորությունները։

Ամփոփելով քննարկումների արդյունքները, վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը։ Որոշվել է խորհրդի նիստերի անցկացումը դարձնել ավելի հաճախակի։ Ըստ այդմ, կուտակված հարցերի օպերատիվ քննարկման նպատակով, հաջորդ նիստը կհրավիրվի մեկ ամիս հետո։