ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվում է Հակաքաղցկեղային պայքարի ազգային ծրագիրը
ՀՀ առողջապահության նախարարությունում ներկայումս քննարկվում է Հակաքաղցկեղային պայքարի ազգային ծրագիրը, որը մշակվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից։ Առաջիկայում այն կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանն նշել է, որ ազգային ծրագրի նպատակն է վերազինել ներկայումս Հայաստանում գոյություն ունեցող ուռուցքաբանական կենտրոնները, տանել ուռուցքների առաջացման կանխարգելիչ աշխատանքներ, լուսաբանել դրանց կանխարգելման և բուժման հարցերը։ Նախատեսվում է նաև նվազեցնել հիվանդացության ցուցանիշները հանրապետությունում` նախաքաղցկեղային հիվանդությունների բուժման ուղիով, այդպիսով նաեւ նպաստելով քաղցկեղից մահացության ցուցանիշների նվազեցմանը։
«Հայաստանում ուռուցքաբանական ծառայությունների զարգացմանը զարկ տալն անհրաժեշտ է նաև Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դարձնելու ծրագիրը կյանքի կոչելու համար»,- նշեց Հ. Գալստյանը` ավելացնելով, որ չնայած երկրի սոցիալ-տնտեսական դժվարություններին` ՀՀ առողջապահության ասպարեզում կադրային ներուժը բավականին մեծ է, «որով պետք է հպարտանալ»։
«Մենք այսօր խնդիր կարող ենք ունենալ ոչ թե կադրերի պակասի արդյունքում, այլ ժամանակակից սարքավորումների սղության պատճառով, որոնք բավականին թանկ արժեն և հսկայական ներդրումներ են պահանջում»,-ասաց նա։
Պրոֆեսորի տեղեկացմամբ` Հայաստանում վերջին 15 տարիներին չարորակ ուռուցքների ընդհանուր թվաքանակում տղամարդկանց մոտ առաջին տեղը զբաղեցնում է թոքի քաղցկեղը, կանանց մոտ` կրծքագեղձինը։ Ըստ տարածվածության` առաջին հորիզոնականներում են նաև մարսողական համակարգի և միզասեռական օրգանների քաղցկեղի տեսակները։ Պաշտոնական տվյալներով, 2007թ-ին 2006-ի համեմատ հանրապետությունում քաղցկեղի տարբեր տեսակների տարածվածությունն ամեն 100 հազար բնակչի հաշվով ավելացել է 2-3 միավորով, մասնավորապես` թոքի քաղցկեղի դեպքերն ամեն 100 հազար բնակչի հաշվով աճել են 2 միավորով` հասնելով 62-ի։
Հայաստանում ամեն 100 հազար բնակչից 222-ի մոտ հայտնաբերվում է քաղցկեղ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2020թ. աշխարհում կարձանագրվի քաղցկեղով հիվանդ շուրջ 20 մլն մարդ, իսկ չարորակ ուռուցքներից մահվան դեպքերի տարեկան թիվը 2020թ. կանխատեսվում է շուրջ 10 մլն։










