«Մաթեմատիկա»-ից այսօր միասնական քննություն է հանձնել ավելի քան 10 հազար դիմորդ-շրջանավարտ
Հանրապետության 43 քննական կենտրոններում այսօր «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննություն են հանձնել ավելի քան 10 հազար դիմորդ-շրջանավարտներ։ Քննությանը տրվել է 4 ժամ, դիմորդներին թույլատրվել է օգտվել միայն պարզագույն հաշվիչներից։
Քննության արդյունքները հայտնի կլինեն 4 օր հետո, իսկ առաջադրանքների պատասխանները կտեղադրվեն նախարարության և ԳԹԿ-ի կայք-էջերում։
ՀՀ ԿԳ նախաարար Սպարտակ Սեյրանյանն այսօր այցելել է Երևանի թիվ 160 դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ միասնական կարգով քննություն հանձնողների թիվը 175 էր, բացակա էր 4 շրջանավարտ։ Քննական առաջադրանքները, ըստ նախարարի, այնքան էլ դժվար չեն. «պետք է շատ ջանք գործադրեն, որ դրականի շեմը չհաթահարեն»,- կատակել է նա։
ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանի խոսքով, առաջադրանքները դժվար չեն, փորձարկումները ցույց են տվել, որ ներքին շեմը հաղթահարելի է բոլորի համար։
Այս դպրոցը հատուկ էր ընտրված, քանի որ «Հայոց լեզու, գրականություն» քննության ժամանակ այստեղ արձանագրվել էր 25 դիմորդի քննական առաջադրանքի պակաս։ Այժմ, նախարարի հավաստմամբ, որևէ տեխնիկական խնդիր չկա այստեղ։ Ծառայողական քննության արդյունքում անձնակազմի մեծ մասն ու ղեկավարը փոխվել են, իսկ խնդրի հիմնական պատճառն առաջադրանքների ոչ համապատասխան քանակը պահանջելն էր ԳԹԿ-ից։
«Այստեղ քննություն հանձնած բոլոր շրջանավարտներին խոստացել ենք վերահանձնելու հնարավորություն տալ դժգոհ լինելու դեպքում։ Դիմորդները, սակայն, պետք է հիշեն, որ հաշվի կառնվեն արդեն նրանց վերջին արդյունքները»,- զգուշացրեց նախարարը։
Գնահատելով ավարտական քննությունների ընթացքն ու արդյունքները` նախարարը նշել է, որ կազմակերպչական թերություններ չեն նկատել։ Եթե ավարտականի և միասնականի միջև տարբերություններ լինեն, ապա նախարարությունը վերլուծություններ անպայման կանի։
«Եթե բուհի ընդունելության քննություն չէ, չի նշանակում, թե ձևական քննություն պետք է անցկացվի»,- ավելացրել է Ս.Սեյրանյանը։










