iPhone-ը հասել է Հարավային և Լատինական Ամերիկա

13:27 • 12.06.08

Իսպանական Telefonica բջջային օպերատորը համաձայնության է եկել Apple ընկերության հետ iPhone սմարթֆոնները Հարավային և Լատինական Ամերիկաներում տարածելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը:

Բացի այդ, Telefonica-ն iPhone կվաճառի Չեխիայում:

Telefonica-ի ներկայացուցիչները պայմանավորվել են Apple-ի հետ iPhone-ը Բրազիլիայում, Արգենտինայում, Կոլումբիայում, Չիլիում, Էկվադորում, Սալվադորում, Գվատեմալայում, Նիկարագուայում, Պանամայում, Պերուում, Ուրուգվայում և Վենեսուելայում վաճառելու մասին:
Նշենք, որ իսպանական բջջային օպերատորի ծառայություններից ընդհանուր առմամբ օգտվում է մոտ 500 մլն մարդ:

Ավելի վաղ Apple ընկերության հետ iPhone սմարթֆոնները Իսպանիայում տարածելու վերաբերյալ պայմանագիր էր կնքել Movistar օպերատորը, որը ևս պատկանում է Telefonica-ին:

Ներկա դրությամբ Apple ընկերությունը համաձայնագիր է կնքել iPhone-ի վաճառքի վերաբերյալ 70 երկրներում աշխատող օպերատորների հետ: iPhone սմարթֆոնների երկրորդ սերունդը վաճառքի դուրս կգա հուլիսի 11-ին: Իհարկե, այդ օրը այն կկարողանան գնել միայն Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի բնակիչները: Այլ երկրներում սմարթֆոնը կհայտնվի ավելի ուշ:

Մինչև տարվա վերջ Apple-ը հույս ունի իրացնել 10 մլն iPhone: Սակայն CLSA Emerging Markets-ի վերլուծաբան Ջենի Լեյը ենթադրում է, որ մինչև տարվա վերջ կվաճառվի մոտ 18 մլն iPhone: Նա այս փաստը բացատրում է հեռախոսների ցածր գնով. iPhone-ի նոր սերունդը ԱՄՆ-ում արժե 199 դոլար: