Վարչապետը հանդիպել է Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսորին
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ակիռա Իշիյամային և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են քույրական միջազգային ծրագրերի տնօրեն Սալբի Ագառակյանը, ինժեներ Դան Կվաչին և պրոֆեսոր, հայաստանյան ծրագրի ղեկավար Արթուր Շուքուրյանը։
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետին է ներկայացվել ականջի արհեստական խխունջի պատվաստման կենտրոնի գործունեությունը, հիմնադրումից ի վեր` անցած չորս տարիների հաջողությունները և զարգացման առաջիկա ծրագրերը։ Կենտրոնը, որտեղ կատարվում են ծանր աստիճանի լսողությամբ և բացարձակ խլությամբ տառապող հիվանդների ականջի արհեստական խխունջի պատվաստման բարդ վիրահատություններ, հավակնում է այս մասնագիտացված առողջապահական ծառայությամբ դառնալ տարածաշրջանային կենտրոն։
Առողջապահության նախարարի հավաստմամբ, դա միանգամայն հնարավոր է, նկատի առնելով կենտրոնի հաջող գործունեությունը, այսօր տարածաշրջանում միակը լինելու հանգամանքն ու զարգացման ներուժը։ Վարչապետը չափազանց կարևորել է Հայաստանում հիշյալ կենտրոնի գործունեությունը, նշելով, որ կառավարությունում այսօր քննարկվում են առողջապահության ոլորտի առաջնահերթությունները, և համագործակցությունը ականջի խխունջի իմլատացիայի կենտրոնի հետ կարող է խթանել ոլորտի զարգացումն ու նպաստել առողջապահության հավակնոտ ծրագրերի իրագործմանը։
Հանդիպման ընթացքում կարեւորվել է կենտրոնի զարգացման ծրագրերին ՀՀ կառավարության շահագրգիռ աջակցությունը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ականջի վիրահատությամբ զբաղվող մասնագիտացված ինստիտուտի հիմնում, մասնագետների պատրաստում, ինչը թույլ կտա նորածին երեխաների շրջանում լսողության համատարած հետազոտություն անցկացնելու եւ հիվանդության վաղ շրջանում հայտնաբերումից անմիջապես հետո, բուժման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու։ Մասնագետների հավաստմամբ, այն շատ ավելի լավ արդյունքների կհանգեցնի։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել կենտրոնի զարգացման ծրագրերին և մաղթել հաջողություններ։










