Երևանում կանցկացվի «Առողջապահություն և դեղագործություն էքսպո-2008» 7-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

16:05 • 16.06.08

Երևանում հունիսի 20-22-ին կանցկացվի «Առողջապահություն և դեղագործություն էքսպո-2008» 7-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Լոգոս էքսպո» կենտրոնի կողմից, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով ցուցահանդեսի կազմակերպման հիմնական նպատակն ու ակնկալիքները, «Լոգոս էքսպո» կենտրոնի գործադիր տնօրեն Արա Ստեփանյանը նշեց, որ կցուցադրվեն առողջապահության ոլորտի վերջին նորամուծությունները և ձեռքբերումները։ Նրա տեղեկացմամբ` նախորդ տարիների համեմատ` այս տարի 2-2.5 անգամ ընդլայնվել է ցուցահանդեսի անցկացման տարածքը` կապված մասնակիցների թվաքանակի ավելացման հետ։ Ցուցահանդեսի անցկացման առաջին տարում մասնակից կազմակերպությունների թիվը 10-15-ից ներկայումս հասել է 50-60-ի, ընդլայնվել է նաև նրանց աշխարհագրությունը։ Խոսելով ցուցահանդեսի արդյունավետության մասին` Ա. Ստեփանյանը նշեց, որ «Լոգոս էքսպո» կենտրոնը չի իրականացնում հետագա մոնիտորինգ, մասնավորապես, ցուցահանդեսից հետո պայմանագրերի կնքման վերաբերյալ։ Սակայն այն, որ նախորդ տարիներին ցուցահանդեսին մասնակցած ընկերություններն այս տարի եւս մասնակցում են, վկայում է ցուցահանդեսին տրվող բավականին մեծ նշանակության մասին։