Հանրապետության դիմորդ-շրջանավարտներն այսօր հանձնեցին վերջին միասնական քննությունն օտար լեզուներից

15:21 • 17.06.08

Հանրապետությունում այսօր անցկացվեց միասնական համակարգով վերջին քննությունը. 39 քննական կենտրոններում 8905 դիմորդ-շրջանավարտներ քննություն հանձնեցին օտար լեզվից։ Քննություն հանձնողներից 7801 հոգի նախընտրել էր անգլերենը, 564-ը` գերմաներենը, 514-ը` ֆրանսերենը, 22-ը` իսպաներենը, իսկ 4 հոգի` իտալերենը։ Քննությունը տևել է 2,5 ժամ։

ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանն այսօր այցելեց Երևանի թիվ 190 միջնակարգ դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ անգլերենից միասնական քննություն էին հանձնում 296 շրջանավարտներ։ Նրա խոսքով, բոլոր քննություններն ընթանում են բնականոն, խնդիրներ չեն նկատվել, իսկ եթե վրիպումներ եղել են, ապա արագորեն շտկվել են։

«Կարևորն արդյունքներն են, որոնք մի քանի օրից արդեն ամբողջությամբ պատրաստ կլինեն»,- ասաց նախարարը։ Ըստ նրա` ընթացակարգով և կանոնավոր են անցնում նաեւ դպրոցների ավարտական քննությունները։