Երևանում հուլիսի 25-27-ը կանցկացվի Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովը

11:45 • 17.06.08

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հուլիսի 25-27-ը կկազմակերպի Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովը։ Ինչպես հայտնել են նախարարությունից, խորհրդաժողովում կքննարկվեն հայկական կրթօջախներին առնչվող հիմնահարցերը, կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ու համագործակցության զարգացման խնդիրները։ 

Խորհրդաժողովին կմասնակցեն ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հայ համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող հաստատությունների, կազմակերպությունների, կրթօջախների ներկայացուցիչներ։

Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կլինեն տարբեր թեմաների, խնդիրների վերաբերյալ զեկույցներ, վերլուծություններ։