Երևանում կկազմակերպի երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց` նվիրված Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին
Բյուրականի աստղադիտարանն աշխարահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակի առթիվ նախատեսում է սեպտեմբերի 20-30-ը Երևանում կազմակերպել երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց։ Ինչպես տեղեկացրել է աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, այն անցկացվելու է «Գործնական աստղագիտություն» թեմայով։
«Կարևոր է համախմբել երիտասարդ մասնագետներին տարբեր երկրներից, որոնք հնարավորություն կունենան ծանոթանալ ինչպես աստղաֆիզիկայի զարգացման ամենատարբեր մեթոդներին, այնպես էլ հայկական աստղագիտության ձեռքբերումներին»,- ասաց Հ. Հարությունյանը։
Երիտասարդ աստղագետների համար դասախոսություններ կկարդան ինչպես հայ, այնպես էլ այլ երկրներից հրավիրված գիտնականներ։ Այս տարի ակնկալվում է, որ դպրոցին կմասնակցեն 40 և ավելի երիտասարդ աստղագետներ Հայաստանից, Իտալիայից, Ուկրաինայից, Ռուսատանից, Իրանից և այլ երկրներից։
Ըստ Հ. Հարությունյանի` աստղագետների միջազգային դպրոցը հնարավորություն կստեղծի երիտասարդ գիտնականներին համագործակցել։ Այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։
Առաջին անգամ այդպիսի միջոցառում կազմակերպվել է 2 տարի առաջ և, Հ. Հարությունյանի խոսքով, հենց այդ ժամանակ առաջարկվել է այն դարձնել ավանդական։










