Օտար լեզուների միասնական քննություններից 20 միավոր է ստացել 96 դիմորդ-շրջանավարտ

19:49 • 20.06.08

Հանրապետությունում հունիսի 17-ին կայացած օտար լեզուների միասնական քննություններից առավելագույն` 20 միավոր է ստացել 96 դիմորդ-շրջանավարտ, որը կազմում է քննություն հանձնած 8 389 երեխաների 1,1 տոկոսը։ Ինչպես հայտնում է ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, 18-19,75 միավոր է ստացել 1 557 շրջանավարտ։

Անգլերենից 7 313 մասնակցից 80 առաջադրանքներից բոլորին ճիշտ են պատասխանել 56 դիմորդներ, իսկ ֆրանսերենից` 20։ Գերմաներենից 20 միավոր է գնահատվել 12, իսկ իսպաներենից` 8 շրջանավարտի քննական աշխատանք։ Իտալերեն քննությունից 20 միավոր չի գրանցվել։

Քննություներից միջին միավորը 14,9-նն է։ Դրական` 7,5 միավորի շեմը չի հաղթահարել 225 շրջանավարտ կամ քնննություն հանձնողների 27 տոկոսը։ Անբավարար գնահատականներ ստացել են հիմնականում անգլերենից` 209 հոգի, իսկ գերմաներենից և ֆրանսերենից` համապատասխանաբար 15 և 1 հոգի։ Իտալերենից և իսպաներենից անբավարար գնահատական չկա։

Նշենք, որ միասնական քննության գնահատականներն այսօր ժամը 12։00-ին հրապարակվել են բոլոր քննական կենտրոններում, իսկ բողոքարկման համար դիմումները կընդունվեն մինչև հունիսի 21-ը, ժամը 18։00-ն։