ՀՀ գրողների միության արտագնա նիստ` Վանաձորում

12:20 • 23.06.08

Վանաձորում հունիսի 21-ին անցկացվել է ՀՀ գրողների միության արտագնա նիստ, որում քննարկվել են մարզի ստեղծագործական կյանքի խնդիրները։ Նիստին մասնակցել են ինչպես Վանաձորի, այնպես էլ Երևանից ժամանած գրողներ։

«Մարզերը դուրս են մնացել մտավորականության տեսադաշտից։ Այդ է պատճառը, որ մենք որոշել ենք այստեղ կազմակերպել մեր նիստը»,- նշել է ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։

ՀՀ գրողների միության քարտուղար Դավիթ Մուրադյանի խոսքով, Վանաձորում առկա է գրական հերթափոխը։ Նա առաջարկել է վանաձորցի երիտասարդ գրողների պատվիրակություն ներկայացնել առաջիկա Համահայկական ժողովին, որպեսզի նրանք ևս ծանոթանան իրենց հասակակից ստեղծագործողներին։

Նիստում բողոքներ են եղել, որ գրողներին հնարավորություն չի տրվում տպագրել իրենց ստեղծագործությունները։ Նիստը վարող Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի առաջարկությամբ որոշվել է ստեղծել մի խումբ, որը երաշխավորագիր կտրամադրի ժողովածու հրատարակել ցանկացող ստեղծագործողներին. վանաձորցի գրողները միաձայն համաձայնել են։

Նույն օրը կատարվել է ՀՀ գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի բացումը եւ անվանակոչումը. այսուհետեւ այն կոչվելու է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունով։ Բաժանմունքի շենքի պատին տեղադրվել է բանաստեղծի հարթաքանդակը (հեղինակ` Արամ Մարգարյան)։

«Անվանակոչումը երիտասարդ ստեղծագործողների համար ոգեշնչման մի աղբյուր է։ Գուցե դա կդառնա գեղեցիկ ավանդույթ, և մյուս բաժանմունքները ևս ժամանակի ընթացքում կանվանակոչվեն»,- նշել է Ավիկ Իսահակյանը` առաջարկելով Վանաձորի Հայք հրապարակում կանգնեցնել Հովհաննես Թումանյանի արձանը։

ՀՀ գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի քարտուղար Լենա Անթառանյանը շնորհակալություն է հայտնել պատգամավոր Կարեն Կարապետյանին շենքի վերանորոգման ծախսերը հոգալու համար. միաժամանակ լուծվել է նաև ջեռուցման խնդիրը։

Շենքի բացման արարողությունն ավարտվել է վանաձորցի գրականագետ Մելս Սանթոյանի 70-ամյակին նվիրված միջոցառմամբ, որի ընթացքում հոբելյարը ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ, ՀՀ գրողների միության կողմից պարգևատրվել է մեդալով` գրական բեղմնավոր գործունեության համար։