ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը պաշտոնական այց է կատարել Սիրիա
Հունիսի 21-24-ը կայացել է ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի պաշտոնական այցը Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը։
Այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարը հանդիպումներ է ունեցել Սիրիայի վարչապետ Նաջի Օտրիի, բարձրագույն կրթության և գիտության նախարար Ղիաս Բարաքաթի, կրթության նախարար Ալի Սաադի,
հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի սիրիական կողմի համանախագահ, տնտեսության նախարար Ամեր Հոսնի Լուտֆիի հետ, ինչպես նաեւ այցելել է Դամասկոսի, Հոմսի և Հալեպի համալսարաններ։ Բոլոր պաշտոնական հանդիպումների ընթացքում խոսվել է երկու երկրների ջերմ և բարեկամական հարաբերությունների և դրանց մակարդակն էլ ավելի խորացնելու ուղղությամբ կողմերի պատրաստակամության մասին։
Այցի շրջանակներում երկու երկրների միջև ստորագրվել է կրթության և գիտության ոլորտում 2008-11թթ. համար համագործակցության գործնական ծրագիրը։
Հունիսի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարարը Հալեպի համալսարանում կատարել է հայկական բաժանմունքի պաշտոնական բացումը։ Արարողությունից հետո ՀՀ նախարարը և Հալեպի համալսարանի ռեկտորը հայ-սիրիական բարեկամությունը խորհրդանշող ծառ են տնկել համալսարանի այգում։










