Ձևավորվել է բուհական ընդունելության Հանրապետական ընդունող հանձնաժողով
Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2008 թվականի առկա ուսուցման ընդունելության համար ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի հրամանով ձևավորվել է Հանրապետական ընդունող հանձնաժողովը (ՀԸՀ)։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարարությունից, ՀԸՀ նախագահը, ինչպես միշտ, ի պաշտոնե ՀՀ ԿԳ նախարարն է, նախագահի տեղակալը` ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը։
Քննական գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծված այս կառույցը ներկայացուցչական առումով փոփոխություն չի կրել։ Նրա անդամներն են նախարարության համապատասխան վարչության պաշտոնյաներն ու պետական բուհերի բոլոր ռեկտորները։ Ընդգրկված են նաև Գյումրիի, Վանաձորի, Գորիսի, Գավառի քաղաքային ընդունող հանձնաժողովների նախագահները։ Ներկայացուցիչ կա ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱ ծառայությունից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանից։ Նշենք, որ ՀԸՀ անդամ է նաև ԵՊՀ հաշվիչ կենտրոնի ղեկավար Ռուբեն Թոփչյանը, մամուլի պատասխանատուն է ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը։










