Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվող վիրահատությունների թիվն աճման միտում ունի

12:32 • 01.07.08

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հունվար-մայիսին իրականացվել է շուրջ 1300 վիրահատություն։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանն նշել է, որ այս թիվը նախորդ մի քանի տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճման միտում ունի։ Դա պրոֆեսորը բացատրեց կենտրոնի նկատմամբ բնակչության վստահության աճով և առողջական խնդիրներին հատկացվող առավել մեծ ուշադրությամբ։ Կենտրոնում կատարվող վիրահատությունների ամսական թիվը 220-240 է։ Քիմիոթերապիա է ստանում ամսական շուրջ 250, ճառագայթային բուժում` շուրջ 200 հիվանդ։ Կենտրոնում նաև իմունաբուժություն է ցուցաբերվում` հակաուռուցքայն դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով։ Հաճախ բուժման մի քանի տարբերակներ համադրվում են։

Պրոֆեսորի տեղեկացմամբ` Հայաստանում վերջին 15 տարիներին չարորակ ուռուցքների ընդհանուր թվաքանակում տղամարդկանց մոտ առաջին տեղը զբաղեցնում է թոքի քաղցկեղը, կանանց մոտ` կրծքագեղձի։ Ըստ տարածվածության` առաջին հորիզոնականներում են նաեւ մարսողական համակարգի եւ միզասեռական օրգանների քաղցկեղի տեսակները։ Ըստ պաշտոնական տվյալների` 2007թ-ին 2006-ի համեմատ հանրապետությունում քաղցկեղի տարբեր տեսակների տարածվածությունն ամեն 100 հազար բնակչի հաշվով ավելացել է 2-3 միավորով։ Մասնավորապես, թոքի քաղցկեղի դեպքերն ամեն 100 հազար բնակչի հաշվով աճել են 2 միավորով։