Արմռոբոտիքս. ռոբոտների մրցույթ Հայաստանում

17:13 • 02.07.08

Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն` ԱՐՄՌՈԲՈՏԻՔՍ մրցույթը, որի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Կազմակերպիչները կարծում են, որ մրցույթը արձագանք կգտնի նաև Սփյուռքում։
Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի՝ ռոբոտների մրցույթն ինքնակառավարվող սարքերի մրցույթ է, որտեղ թիմերը, որոնք հիմնականում կլինեն երիտասարդ ուսանողներ, կներկայացնեն իրենց կողմից նախագծված և պատրաստված ռոբոտներին, որոնք պետք է ունենան սահմանված չափսն ու քաշը և կկարողանան իրականացնել համապատասխան հանձնարարություններ։

ԱՐՄՌՈԲՈՏԻՔՍ մրցույթը բաղկացած կլինի մի քանի փուլից։ Մրցույթի մասնակիցների առջև դրված է հետևյալ խնդիրը. նախագծել և պատրաստել այնպիսի ինքնակառավարվողսարք, որը կկարողանա հետևել և շարժվել սպիտակ դաշտի վրա գծված սև գծերի ուղղությամբ։ Դաշտում առկա են խոչընդոտներ, որոնց հաղթահարումը ռոբոտների կողմից թիմերին կբերի լրացուցիչ միավորներ։

«Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը հետագայում կօգնի երկրի պաշտպանունակությանը։ Մոտ ապագայում նաև մեր պաշտպանական գերատեսչությունները կհետաքրքրվեն այս երևույթով»,- ասում է Կ. Վարդանյանը։

Մրցույթի եզրափակիչ փուլն անցնելու է դեկտեմբերի վերջին, կազմակերպիչները ցանկություն են հայտնում նմանատիպ մրցութային փուլ իրականացնել նաև Լեռնային Ղարաբաղում։