Բուհական քննություններում առայժմ 20 միավոր է գրանցվել միայն «Անգլերեն» բանավոր քննությունից
Հանրապետությունում հուլիսի 20-ից մեկնարկած բուհական ընդունելության 13 առարկաների քննություններից մինչ այժմ 20 միավոր է գրանցվել միայն անգլերեն բանավոր քննությունից` ընդամենը 4 դիմորդ։ Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը, այս քննությանը մասնակից 431 դիմորդից 18-20 միավոր է ստացել 33, անբավարար` 11 հոգի։
Մնացած օտար լեզուներից բարձր` 18-19 միավոր են ստացել հատկապես ֆրանսերենի բանավոր քննությունից` 19 հոգի, անբավարար` 3, քննություն է հանձնել 84 դիմորդ։
Ռուսաց լեզի բանավոր քննության արդյունքներով 122 դիմորդներից 40-ը դրական գնահատական չի ստացել, իսկ 18-19-ը վաստակել է 9 հոգի։
«Հայոց լեզու, գրականություն» բանավոր քննությունից անբավարար ստացած դիմորդներն անհամեմատ շատ են մնացած լեզուներից բանավոր քննություն հանձնողների համեմատ. 212 քննություն հանձնողից 55 հոգի չի հաղթահարել դրական միավորի շեմը, 18-19 միավոր է ստացել ընդամենը 4 դիմորդ։
Բարձր միավորներ չեն գրանցվել միայն լրագրության ֆակուլտետի «Ստեղծագործական մրցույթ» քննությունից. այստեղ 50 դիմորդից մինչև 18 միավոր է ստացել 32 հոգի, իսկ անբավարար` 18։
Մեծ թվով անբարարներ են ստացել հատկապես Ֆիզիկայի քննությունից. 1008 դիմորդից 5 քննական օրերի ընթացքում քննությունից կտրվել է 276 դիմորդ, 18-19 միավոր է ստացել ընդամենը 45-ը։
Անբավարարների թվի մեծությամբ հաջորդում են Հայ ժողովրդի պատմության քննության արդյունքները` 424 հոգուց 125-ն անբավարար է ստացել, բարձր է գնահատվել ընդամենը 7 դիմորդ։
Քիմիա, Կենսաբանություն առարկաներից անբավարարները համապատասխանաբար 77 և 49 են, իսկ 18-19-ը միավոր ստացել են գրեթե հավասար թվով դիմորդներ։
Աշխարհագրությունից անբավարարների և բարձր միավոր ստացողների թիվը նույնն է` 5-ական։










