ՀՀ առողջապահության նախարարը հերքում է Սևանում հանգստացողների շրջանում հերպես հիվանդության տարածման մասին լուրերը
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքեց վերջին շրջանում շրջանառվող այն լուրերը, համաձայն որոնց` Սևանա լճում հանգստացողների շրջանում հերպես հիվանդություն է տարածվել։
«Հեպրեսի վիրուսով հնարավոր չէ վարակվել Սևանի ջրից, քարից, ավազից»,- ասաց նախարարը` մարդկանց խորհուրդ տալով առանց կասկածելու օգտվել Սևանում հանգստանալու հնարավորությունից։ Հ. Քուշկյանը նաև նշեց, որ այդ հարցով խորհրդակցել է անգամ արտերկրի մասնագետների հետ, ովքեր նույնպես փաստել են, որ նշված հիվանդության վիրուսն այդ ճանապարհով չի կարող տարածվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հերպեսով հիվանդացության դեպքերի մասին լուրերը հերքել էր ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան, պրոֆեսոր Կարեն Բաբայանը` ընդգծելով, որ հերպեսի վիրուսը տարածվում է անմիջական շփմամբ և ոչ մի պարագայում ջուրը չի կարող տվյալ վարակի տարածման պատճառ դառնալ։ Լճի ափամերձ տարածքներում նույնպես հերպեսի վիրուսը չի կարող տարածվել, քանի որ այն արևի ճառագայթներից անմիջապես ոչնչանում է։
Նշենք, որ հերպեսի վիրուսի առաջին տիպն արտահայտվում է շրթունքի, քթի հատվածում, իսկ երկրորդը` սեռական օրգանների շրջանում։ Այս վիրուսը գլուխ է բարձրացնում, երբ ընկնում է մարդու դիմադրողականությունը, խախտվում է մաշկի ամբողջականությունը։ Վիրուսի կրկնման պատճառներից են վիտամինային պակասը, ընդհանուր մրսածությունը, ուժեղ քամիները, ռադիացիան և այլն։










