Քննարկվել են 2008-2009 թթ. ուսումնական տարվա կազմակերպչական հարցեր

11:27 • 26.07.08

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ՀՀ կրթության և գիտության նախարարի, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր քննարկվել են 2008-2009 թթ. ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները, բարձրացվել հանրակրթական խնդիրներ։ Այդ մասին տեղեկացնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նշել է, որ հանդիպման նպատակը մարզեր կատարած իր այցելությունների ընթացքում հնչեցված հարցերի համատեղ քննարկումն ու դրանց լուծման ծրագրերի կազմումն է։

2008-2009 թթ. ուսումնառության կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են ըստ նախատեսվածի. 2009 թ-ին հանրապետությունում կձևավորվի 10 ավագ դպրոց։ Դրանք այժմ վերանորոգվում են։ Արդեն պատրաստվել եւ դպրոցներ են ուղարկվել ուսումնական պլաններն ու մեթոդական ձեռնարկները։ Այս ուսումնական տարում նախնական տվյալներով առաջին դասարան կհաճախի 36 հազ. աշակերտ։

Ա. Գևորգյանը տեղեկացրել է, որ այսօր տարածքային կառավարման նախարարությունը կատարում է հանրապետության դպրոցների քարտեզագրում, կարիքների գույքագրում։ Հանրապետության ղեկավարությունը խնդիր է դրել կարճ ժամկետներում ավարտել վերանորոգվող դպրոցների շինարարական աշխատանքները։

Խորհրդակցության ժամանակ մարզերի կրթության վարչությունների կողմից բարձրացվել են առաջին դասարան հաճախող երեխաների և դպրոցի շրջանավարտների անհամամասնությանը, դասարանների ծանրաբեռնվածությանը, ուսուցիչների սահմանված դրույքաչափերին, դպրոցների հագեցվածությանը, դպրոցների տնօրենների ատեստավորմանը վերաբերող հարցեր։

ՀՀ փոխվարչապետը ԿԳ նախարարին առաջարկել է վերանայել դպրոցների ծանրաբեռնվածությանը և ուսուցիչների դրույքաչափերին վերաբերող հարցը։ Նա նշել է, որ բարձրացված հարցերն ընդհանուր են բոլոր մարզերի համար, և առաջարկել դրանց շուրջ քննարկումներ կազմակերպել՝ առանձին մարզերի կտրվածքով։

Դպրոցների տնօրենների ընտրության և ատեստավորման հարցերի առնչությամբ՝ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ մշակված է ատեստավորման կարգ, որի ընդունումից հետո ատեստավորումը բոլոր տնօրենների համար կլինի պարտադիր։ ՀՀ փոխվարչապետն առաջարկել է կարգը ներկայացնել սեպտեմբերին Վայոց Ձորում կայանալիք ՀՀ կառավարության արտագնա նիստի քննարկմանը։