Փարպի գյուղի մերձակայքում հայտնաբերվել է հնագույն արքայական կնիք` սեպագիր արձանագրությամբ
Արագածոտնի մարզի Փարպի գյուղի մերձակայքում վեց տարի առաջ բացված հնագիտական պեղումնավայրում հայտնաբերվել է արքայական կնիք` սեպագիր արձանագրությամբ, նաև` ռազմական հանդերձանք, նիզակներ, մարտական ձիերի մնացորդներ։ ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության կենտրոնի արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանի խոսքերով` իտալացի փորձագետների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո մինչև տարեվերջ կպարզվի, թե ուրարտական որ թագավորին է պատկանում պետական այդ խորհրդանիշը, որի գտնվելու հանգամանքն ու ժամանակագրության հստակեցումը կարող է ճեղքում առաջացնել հնագույն քաղաքակրթությունների ուսումնասիրության գործում։
Նույն տարածքի ավելի խորը շերտերում բացվել են 4 հազար 500 տարվա վաղեմության արքայական յոթ դամբարաններ, որոնք հնագույն վկայություն են տարածաշրջանում։ Գտածոները վկայում են, որ նույնիսկ նախաուրարտական պետական կազմավորումներն ունեցել են պրոֆեսիոնալ բանակ, կայացած հասարակություն` սոցիալական խավերով, և բարձր մշակույթ։ Պեղումները հնավայրում կշարունակվեն ևս մեկ ամիս։










