Քննարկել են ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը

18:32 • 28.07.08

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Օրակարգի հարցերի շարքում քննարկվել են ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը, նախորդ նիստում մի շարք հարցերի վերաբերյալ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում` արբանյակային ալեհավաքների տեղադրմանը խոչընդոտող հանգամանքների վերացման առաջարկները, ազատ օպտիկական մալուխների նպատակային տրամադրման կարգը։ Խորհուրդը քննարկել է նաև հայերեն-անգլերեն երկկողմանի թարգմանչական ծրագրային փաթեթին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցը, լսել` 2008թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «ՏՏ տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումների մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ներկայացրած տեղեկատվությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից ներկայացված` ՏՏ ոլորտին առնչվող հարկային օրենսդրության վերաբերյալ որոշ խնդիրներ։

Օրակարգի հարցերից խորհուրդը հավանություն է տվել ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգին, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։ Հայեցակարգի իրականացման համակարգումը վերապահվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Նշվել է, որ հայեցակարգը մշակվել է ՀՀ նախագահի 2007թ. հուլիսի 3-ի N ՆԿ-113-Ա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից և քննարկվել է շահագրգիռ պետական մարմինների, մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղական եւ միջազգային փորձագետների հետ։ Հայեցակարգի հիմնական նպատակն է` ամրագրել ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի` Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման և Տեղեկատվական հասարակության կայացման տեսլականն ու նպատակները, մարտահրավերները, դրանց հաղթահարման ռազմավարական մոտեցումներն ու իրականացման փուլերը։ ՏՏ ոլորտի զարգացման տեսլականն է` կայացած տեղեկատվական հասարակություն` ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքներով, համակարգչային բարձր գրագիտությամբ, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձր աստիճանով, համատարած կիրառվող էլ-ծառայությունների համակարգերով, մեծածավալ տեղական ՏՏ շուկայի առկայությամբ և առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ, ինչպես նաեւ զարգացած եւ համաշխարհային ճանաչում ունեցող Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ` մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ և ծառայություններ մատուցող ընկերություններով, միջազգային շուկաներում մրցունակ տեղական ՏՏ արտադրանքով։

Արբանյակային ալեհավաքների տեղադրմանը խոչընդոտող հանգամանքների վերացման առաջարկի վերաբերյալ նշվել է, որ նախորդ նիստի հանձնարարականի արդյունքում խնդիրը քննարկվել է ոլորտի շահառուների հետ, ուսումնասիրվել է գործող օրենսդրությունն ու միջազգային փորձը, որից հետո մշակվել է առաջարկությունների փաթեթ` ՀՀ-ում արբանյակային կապի ամրակցված կայանների ներկրման, ռադիոհաճախականությունների տրամադրման և օգտագործման գործընթացի պարզեցման ուղղությամբ։

Օրակարգի մեկ այլ` ազատ օպտիկական մալուխների նպատակային տրամադրման կարգի վերաբերյալ հարցի կապակցությամբ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչը խորհրդի անդամներին ներկայացրել է հյուսիս-կենտրոն օպտիկա-մանրաթելային մալուխի մասին տեղեկատվություն։ Նշվել է, որ մալուխի գործարկման վիճակի, ծանրաբեռնվածության, համապատասխան հզորությամբ և արագությամբ ինտերնետ կապի մասին տեղեկատվությունը մասնավոր հատվածի մոտ որոշակի հարցադրումներ և թերահավատություն է առաջացնում։ Առաջարկվել է ՀԲ-ի տեխնիկական աջակցությամբ և լավագույն մասնագետների ներգրավմամբ, իրականացնել անկախ տեխնիկական եւ իրավական աուդիտ, ինչը կօգնի այս հարցում ճիշտ որոշումներ կայացնելուն եւ ոլորտում մրցունակությունը բարելավելուն։

Հայերեն-անգլերեն երկկողմանի թարգմանչական ծրագրային փաթեթին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցը խորհրդում ակտիվ քննարկելուց և տարբեր տեսակետներ ու առաջարկություններ լսելուց հետո, որոշվել է հարցի քննարկումը շարունակել հաջորդ նիստում` վերջնական մոտեցումը ձեւակերպելով առաջարկվող ապրանքի հանրային անհրաժեշտության հստակ գնահատականը, այլընտրանքային առաջարկների հնարավորությունը և մի շարք այլ հարցեր քննարկելուց հետո։

ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո 2008թ. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով անցկացվող միջոցառումների մասին խորհրդին զեկուցվել է, որ հոկտեմբերի 3-5-ը նախատեսվում է անցկացնել «Դիջիթեք 2008» տեղեկատվական, հեռահաղորդակցման եւ բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես, հոկտեմբերի 4-5-ը` «Արմթեք 2008» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի Գլոբալ համաժողով, հոկտեմբերի 21-24-ը` ՄԱԿ-ի «Երիտասարդությունը և ՏՀՏ-ն» տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիայի գլոբալ ֆորում, սեպտեմբեր-հոկտեմբերին` էլեկտրոնային բովանդակության 3-րդ համահայկական մրցույթ, իսկ սեպտեմբերի 29-հոկտեմբերի 2-ը` «Սինոփսիսի շաբաթ»։ Ծրագրի համաձայն հոկտեմբերի առաջին շաբաթը կանցկացվի ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի հետ համատեղ «Ներդրումային կոնֆերանս», սեպտեմբեր-հոկտեմբերին` ծրագրավորման բաց մրցույթ, հոկտեմբերին` National Instruments տարածաշրջանային համաժողով, հոկտեմբերին Մայքրոսոֆթ - «Երեւակայության գավաթ» մրցույթի 2008-2009 մեկնարկ, հոկտեմբերի առաջին շաբաթը` Սան Մայկրոսիստեմս Մշակումների և տեստավորման լաբորատորիայի եւ Սան Տեխնոլոգիաների 3 ուսումնական լաբորատորիաների պաշտոնական բացում, սեպտեմբեր-հոկտեմբերին` տեսողության խանգարումներով երեխաների թիվ 14 դպրոցի սաների միջև համակարգչային հմտությունների և «Տեսողության հաշմանդամներն ընդդեմ համակարգչի» մրցույթները։ Առաջարկվել է միջոցառումների ցանկը համալրել նաև ինֆորմատիկայի գծով օլիմպիադայի անցկացմամբ, որն ընդունվել է։

ՏՏ ոլորտի հետ կապված հարկային օրենսդրության հարցերը վերաբերել են ոչ առեւտրային կազմակերպություններին հիմնական միջոցների նվիրատվությանը եւ կրթական ծրագրերի իրականացմանը։ Որոշվել է հաջորդ նիստին այդ հարցերի քննարկմանը հրավիրել նաև ՀՀ ԿԱ հարկային ծառայության և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներին` նրանց տեսակետները ևս լսելու և համակողմանի քննարկումից հետո միայն որոշում կայացնելու համար։