Բրիտանացի ջրասույզը մերկացրել է Լեոնարդո դա Վինչիին

17:55 • 29.07.08

Բրիտանացի նախկին ջրասույզ Գեյվին Մենզիսը, ով 2002թ. գիրք էր հրատարակել Կոլումբոսից 70 տարի առաջ Ամերիկան նվաճած չինացիների մասին, պնդում է, որ Լեոնարդո դա Վինչին ավտոմեքենաների գծագրերը փոխառել է չինացի գիտնականներից։

Մենզիսի գիրքը վերնագրված է 1434: The Year A Magnificent Chinese Fleet Sailed To Italy and Ignited The Renaissance (1434. Տարեթիվ, երբ հզոր չինական նավատորմը հասավ Իտալիա և հայտարարեց Վերածննունդի դարաշրջանի սկիզբը)։

Գրքի հեղինակի կարծիքով՝ չինացի դեսպանը 1434թ. Ֆլորենցիա է բերել գիտական գիտելիքների հանրագումար և այն ներկայացրել է Հռոմի Պապ Եվգենիոս 6–րդին։ Իտալացիներ Տակկոլան և Ֆրանչեսկո դի Ջորջիոն արտատպել են նկարները և հետագայում դրանց հիման վրա աշխատել է ոչ միայն Լեոնարդոն, այլ նաև Գալիլեյը։

Իր գրքում Մենզիսը չինական ջրաղացների, պոմպերի և մի քանի զենքերի պատկերները համեմատել է Լեոնարդոյի գծագրերի հետ։ Գրողի խոսքերով՝ իտալացի նկարիչը և գիտնականը պարզապես կատարելագործել է արևելյան մեխանիզմները, այլ ոչ թե ստեղծել է դրանք։