2010թ-ին կգործարկվի Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկը
2010թ-ի ապրիլի 30-ին նախատեսվում է գործարկել Երևանի ջերմաէլեկտրակայանի համակցված շոգեգազային ցիկլի նոր էներգաբլոկը, որի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։
Էլեկտրակայանը կգործի 271,7 ՄՎտ դրվածքային ընդհանուր և 242 ՄՎտ էլեկտրական հզորությամբ։ Հիմնական սարքավորումների լրակազմը կապահովեն «Ալստոմ» ընկերության արտադրության գազատուրբինը և օժանդակ սարքավորումները` 179,9 ՄՎտ դրվածքային հզորությամբ, շահագործման երկու ռեժիմներով։ Համակարգի օգտակար գործողության գործակիցը 36,4 տոկոս է։ Շոգետուրբինն ու օժանդակ սարքավորումները կգործեն 62 ՄՎՏ էլեկտրական դրվածքային հզորությամբ եւ 103,7 Գկալ/ժ ջերմային էներգիայի առաքմամբ։
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով` Հայաստանում գործող ջերմաէլեկտրակայանների համեմատ նոր կայանը 1կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրության համար կծախսի 2-2,3 անգամ պակաս վառելիք` նպաստելով նաև գազի ներկրման ծավալների կրճատմանը, արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցմանը։ Նոր էլեկտրակայանի գործարկման շնորհիվ կբարձրանա ՀՀ էներգահամակարգի հուսալիությունը, կբարելավվի առավելագույն ռեժիմներում բեռի գրաֆիկի ծածկումը, կօպտիմալացվեն էլեկտրաէներգիայի փոխհոսքերը, որի շնորհիվ կկրճատվեն էլեկտրական էներգիայի կորուստներն էլեկտրական ցանցերում։ Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր տարի էլեկտրաէներգիայի ներքին սպառումը 5-6 տոկոս ավելանում է նախորդ տարիների նկատմամբ։ 2010թ-ին էներգաբլոկը կապահովի 15 տոկոս տեսակարար կշիռ ընդհանուր սպառման ծավալում։ Նոր էներգաբլոկի կառուցման ընդհանուր գումարը կկազմի մոտ 240-250 միլիոն դոլար։ Հին կառույցը կկոնսերվացվի և կպահվի որպես պահեստային հզորություն։
Նախատեսվում է, որ էլեկտրակայանը սպասարկող անձնակազմը բաղկացած կլինի մոտ 100 մարդուց։ Էլեկտրակայանի կառավարումը` թողարկում, ցանցին միացում, բեռնավորում, կլինի լիովին ավտոմատացված։ Նույն կերպ կկատարվի նաև կանգնեցումը։ Էլեկտրակայանի կառավարման կենտրոնը կահավորված կլինի մեկ մեծ և բազմաթիվ ստանդարտ մոնիտորներով, որոնք ժամանակի իրական ռեժիմում ցույց կտան էլեկտրակայանի աշխատանքի բոլոր ցուցանիշները և կատարվող փոփոխությունները։
Հայաստանում գործող ջերմային էլեկտրակայանների համեմատ նոր կայանը կունենա զգալի բարձր բնապահպանական ցուցանիշներ` ցածր արտանետումներով. ազոտի երկօքսիդը շուրջ ինն անգամ, ածխաթթու գազը` երկու անգամ, ածխածնի օքսիդը` 38 անգամ և ջրօգտագործումը` 3,6 անգամ պակաս։
Նոր էլեկտրակայանի կառուցմամբ և գործարկմամբ ՀՀ կներմուծվեն էներգետիկ սարքավորումների մոնտաժման, ինչպես նաև էլեկտրական էներգիայի արտադրության նորագույն տեխնոլոգիաներ, որոնք նոր են մուտք գործում ԱՊՀ երկրներ։
Նախագծի իրականացման նպատակով ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև 2005թ-ի մարտի 29-ին ստորագրվել է ARM-P2 փոխառության համաձայնագիրը. վարկի գումարը կազմում է 26 միլիարդ 409 միլիոն ճապոնական իեն։ Գլխավոր կապալի պայմանագիրը ստորագրվել է 2007թ-ի սեպտեմբերի 30-ին և ուժի մեջ է մտել 2007թ-ի դեկտեմբերի 21-ին։ Պատվիրատուն Երևանի ՋԷԿ-ն է, խորհրդատուն «TEPSCO», գլխավոր կապալառուն` «Mitsui» եւ «GS Engineering and constraction» ընկերությունների կոնսորցիումը։
Նշենք նաև, որ Երևանի ՋԷԿ-ը շահագործվում է 1961թ-ից, իսկ միջազգային չափանիշներով կայանների շահագործման ժամկետները 25-30 տարի են, բացի այդ 1960-ականների տեխնոլոգիաներով աշխատող ՋԷԿ-ի տեխնիկատնտեսական ցուցանիշները գոհացուցիչ չեն. էլեկտրաէներգիայի 1 ԿվտԺ-ի արտադրության համար ծախսվում է մոտ 375 գրամ գազ, ինչը տնտեսապես անարդյունավետ է։
Այսօրվանից տրվեց էլեկտրակայանի շինմոտաժային աշխատանքների մեկնարկը։ ՀՀ նախագահին Երեւանի ՋԷԿ-ի տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը մանրակերտի վրա ներկայացրեց կառույցի նախագիծը։ Խորհրդանշական պարկուճը կառույցի հիմքում տեղադրեցին «Mitsui» և «GS Engineering and constraction» ընկերությունների ներկայացուցիչները։ Արարողությանը մասնակցում էին բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, նաև` Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քյու-Հյունգ Լին։










