Ընդունելության քննություններից առայժմ 20 միավոր է ստացել ընդամենը 10 դիմորդ
Բուհական ընդունելության քննություններից հուլիսի 30-ի տվյալներով 7687 դիմորդից 20 միավոր է ստացել ընդամենը 10 հոգի։ Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳ նախարարությունը, առավելագույն միավորներ են վաստակել Անգլերեն բանավոր (5 հոգի), Իսպաներեն բանավոր (2 հոգի) և Պարսկերեն գրավոր (3 հոգի) քննություններից։
Մնացած առարկաների համեմատ Անգլերեն բանավոր քննություն հանձնած դիմորդներից շատ են նաեւ բարձր` 18-20 միավոր ստացողները` 82 հոգի, իսկ քննություն հանձնած 986 դիմորդից անբավարարները ընդամենը 39-ն են։
Գերմաներենի բանավորից անբավարար և բարձր միավորները 4-ական են` 113 հոգուց։ Ֆրանսերենից առավելագույն միավորը 19-ն է` 16 հոգի, իսկ անբավարարները 13` 125 դիմորդից։ Օտար լեզուների բանավորից շատ են Ռուսաց լեզվի դիմորդների շրջանում անբավարար ստացողները` 90-ը 240 դիմորդից։ Բարձր միավորներ են վաստակել 16 դիմորդ, որից 11-ը` 19 միավոր։
Հայոց լեզու, գրականություն առարկայից բանավոր քննություն հանձնողների 16 տոկոսը քննությանը տապալվել է, իսկ առավեագույն միավորը եղել է 18-ը` 7 հոգի։ Ցածր են նաև Ստեղծագործակայն մրցույթ քննության արդյունքները. 136 դիմորդից ընդամենը մեկ հոգի է 18 ստացել, իսկ 30 դիմորդ գնահատվել է անբավարար։
Առավել շատ անբավարարներ են գրանցվել Ֆիզիկայից. 2064 դիմորդից 25,6 տոկոսը դրականի շեմը չի հաղթահարել, իսկ 18-20 միավոր ստացողներն ընդամենը 78 հոգի։ Քիմիա հանձնողները ևս բարձր արդյունքներ չեն ցուցաբերում, 19-20 միավոր ոչ ոք չի ստացել, իսկ 18` ընդամենը 19 հոգի։ Կենսաբանության քննության բարձր միավորը 18-ն է` 23 հոգի, իսկ անբավարարները` 106։
Հայ ժողովրդի պատմությունից անբավարարները 21 տոկոս են կազմում, իսկ բարձր միավորները` 2,4։ Աշխարհագրության քննության արդյունքներից 10-ական հոգի ստացել է բարձր և անբավարար գնահատական։










